Տուսկի հետ անօգուտ բանակցություններ, իսկ Իրան...

Երեկ Հայաստանում էր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ ՀՀ իշխանությունների հետ նրա բանակցությունները, կարծես, այդքան էլ բարեհաջող և արդյունավետ չեն ընթացել, քանի որ Տուսկի այցից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: ԵՄ խորհրդի ղեկավարի այցից անմիջապես հետո կապ հաստատել աշխարհաքաղաքական հակադիր բևեռը ներկայցնող երկրի ղեկավարի հետ՝ ակնհայտ ցուցիչ է վատ բանակցությունների։

Հայաստանի կառավարության կողմից տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ»։

ՀՀ կառավարության կողմից տարածված այս աղքատիկ տեքստի իրական բովանդակությունը հասկանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրությանը։ Ըստ ԻԻՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ մի շարք հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հասան Ռոհանիին երկու անգամ հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչին ի պատասխան ԻԻՀ նախագահն ասել է, որ եթե ժամանակ ունենա, կմասնակցի։ Ռոհանիի պատասխանը դիվանագիտական լեզվով մերժում է։ Ըստ նույն հաղորդագրության՝ Փաշինյանի երկրորդ առաջարկը անպատասխան է մնացել։ 

Ի տարբերություն ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահի աշխատակազմը առավել շեշտադրված ցույց  է տվել Փաշինյանի ձգտումը՝ Ռոհանիին հոկտեմբերի 1-ին Երևանում տեսնելու մասով։ 

Իրանական կողմն այս կերպ, կարծես, հասկացնում է Հայաստանի նոր իշխանություններին, որ իրենց երկիրը չպետք  է դիտարկել որպես «պլան Բ» և միայն Արևմուտքի հետ տապալված բանակցություններից հետո հիշել Իրանի մասին։ Իրանը ցանկանում է թափանցիկ հարաբերություններ, որոնք չպետք է կախված լինեն «եվրաչինովնիկների» կամքից։ Իսկ մինչ այդ՝ նա մերժում է հարաբերությունների ֆիկտիվ բնույթը։