Թուրքիայում կառուցվող ԱԷԿ-ը փոխարինելու է Հայ...

Ընթերցողը թերեւս կհիշի, որ դեռեւս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք բավական ակտիվացան խոսակցությունները, որ Հայաստանում ռուսները ցանկություն կամ մտադրություն ունեն Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր ատոմակայան կառուցել։ Նույնիսկ տեղեր էին նշվում՝ Վայոց Ձոր եւ այլն։ Սակայն զարմանալիորեն այդ խոսակցությունները դադարեցվեցին, Հայկական ԱԷԿ-ը ռուսները թարմացրեցին, այսպես ասած եւ ամեն բան հանդարտվեց եւ միայն հետո, բավական տարիներ անց իմացանք, որ Ռուսաստանը 10 միլիարդ դոլարանոց ատոմակայանի կառուցման նախագիծ է իրականացնում Թուրքիայում։

Ինչ խոսք, զարմանալի է, տարօրինակ է, տարակուսելի է։ Հատկապես իրավիճակը դառնում է ինտրիգային, հաշվի առնելով, որ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Հայկական ԱԷԿ-ը արդեն «իր դարն ապրել» է եւ ամենայն հավանականությամբ, ոչ «յոթը սարի հետեւում» գտնվող ժամանակներում կփակվի։

Բավական տրամաբանական հարց է առաջանում․ իսկ ինչու ռուսները Հայաստանում Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր ատոմակայանի հարցը խոսեցին ու այդպես էլ խոսքից գործ անցում չեղավ։ Արդյոք Թուրքիայի «Աքույուի» ատոմակայանը չի գալու փոխարինի Հայկական ԱԷԿ-ին ապագայում, եւ ընդհանրապես, ռուսները երբեւէ նորմալ կկարողանան բացատրություն տալ, թե պատկերավոր ասած՝ «Քեմալ-Լենին» քաղաքական գծի ներկայիս 2-րդ սերիան մինչեւ ուր է հասնելու։

Սա իրականում չափազանց կարեւոր հարց է, սակայն այս հարցը թողած, հայաստանյան իրականության մեջ ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը եւ ոչ նույնիսկ վերլուծաբաններն ու փորձագետները այս հարցին չեն անդրադառնում, որպեսզի ռուսների համար «դիսկոմֆորտ» չստեղծեն։ Ու այս հարցը թողած, չգիտես ինչու «տաքացնում» են այն հարցը, թե ինչու Բաքուն մինչեւ հիմա չի հաստատել Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հարցը։