Թուրքիայի «խաղերը» կարող են արագացնել Ռուսաստ...

Երեկ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի Պնախարարության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, որտեղ, ըստ նախապես պլանավորվածի, Ռուսաստանի նախաձեռնությամբ կայանալու էին Հայաստանի եւ Ադրբեջանի Պնախարարությունների ներկայացուցիչների հանդիպում, որպեսզի համաձայնեցվեին հրադադարի վերահսկողության մեխանիզմները։ Ադրբեջանը սակայն հրաժարվել է իր ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին ուղարկել։ Մանե Գեւորգյանը ընդգծել էր, որ ամենայն հավանականությամբ՝ Թուրքիան թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի ներկայացուցիչները մեկնեն Մոսկվա։ Ըստ էության արձանագրում ենք արդեն պաշտոնապես այն, ինչի մասին հայտնի էր վաղուց, Բաքուն դեմ է խաղաղության գործընթացին եւ ապա՝ Բաքուն այս դեպքում ունի տիկնիկավար, ի դեմս՝ Թուրքիայի։ Զուգահեռաբար, երեկ Անկարա ժամանեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի ճանաչել, չի ճանաչում եւ չի ճանաչելու Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ եւ օգնելու է Ուկրաինային, որպեսզի վերջինս «կարողանա վերականգնել իր վերահսկողությունը ռուսների կողմից գրավված Ղրիմի հանդեպ»։ Ընդ որում, այս հայտարարությունն արվեց այն բանի ֆոնին, որ Սինոպում իրականացվեցին ռուսական Ս-400 համակարգերի առաջին փորձարկումը, որոնք Թուրքիան ձեռք էր բերել Ռուսաստանից ի հեճուկս ՆԱՏՕ-ի եւ հատկապես ԱՄՆ-ի։ Մոսկվայից Ղրիմի մասով հայտարարության արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտարարեց, որ Էրդողանի այդ հայտարարությունն արդեն վկայությունն է այն բանի, որ Մոսկվան եւ Անկարան ռազմավարական գործընկերներ չեն։ Որքան էլ կարող է հնչել անհեթեթ, սակայն ակամա այն տպավորությունն է ստեղծվում, որ Թուրքիան սկսել է նիզակներ ուղղել Ռուսաստանի ուղղությամբ։ Թե ինչու, դժվար է ասել։ Ով է թեւավորել Անկարային, նույնպես այս պահին դժվար է ասել, թեեւ ժամանակի ընթացքում ամեն ինչ կերեւա։ Սակայն հետաքրքիր է այստեղ այն, թե ինչպես կարձագանքի Մոսկվան Էրդողանի այս հայտարարությանը․ կբավարարվի Ալեքսեյ Պուշկովի տելեգրամյան գրառումով, թե ավելի կոշտ ու ավելի վերին ռանգի ներկայացուցչի միջոցով կպատասխանի, կամ պատասխանելուց բացի, արդյոք ինչ որ դեմարշ քայլ կանի թե ոչ։ Պարզ է, որ Էրդողանն առանձնապես գորովանք չունի Ուկրաինայի հանդեպ։ Հասկանալի է նաեւ, որ նա կարող է Ուկրաինային ներքաշել ինչ-ինչ ավանտյուրաների մեջ, ինչպես դա արեց Ադրբեջանի պարագայում, թեժացնելով Ղարաբաղյան հակամարտությունը։ Սա կարող է ըստ էության երկրորդ ճակատ բացել Մոսկվայի համար, սակայն նաեւ կարող է արագացնել Մոսկվայի պատասխան գործողություններն ու հակազդեցությունը։