
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ նրանք կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես ճանաչում եմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, եւ ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանի շուրջ։ Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը։ Բայց այն, ինչ նրանք, ի վերջո, կունենան, երբ հեռանան սեղանից, հենց բանակցություններն են: «Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,- ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ պատասխանելով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների համատեքստում ԱՄՆ եւ Իրանի «կարմիր գծերի» մասին հարցին։Ֆիդանը նշել է, որ այս խնդրի լուծման հարցում «կան լուծումներ, այդ թվում՝ կրեատիվ, որոնք կարող են իրականացվել անմիջապես կամ կպահանջեն երաշխիքներ»։ «Եթե երկու կողմերն էլ համոզված են միմյանց անկեղծության մեջ, ապա այդ ուղղությամբ կարող են որոշակի քայլեր ձեռնարկվել, թեեւ, իհարկե, բանակցությունների թեման բարդ է։ Եվ ես կարծում եմ, որ անցյալի փորձի համեմատ այժմ կարող են նոր հնարավորություններ բացվել։ Փաստն այն է, որ մարդիկ, որոնք ներկայում վարում են բանակցությունները, հատկապես նրանք, որոնք [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի թիմի մաս են կազմում, տարբեր մարդիկ են։ Նրանք տարբեր մեթոդներ են կիրառում, այլ մտածելակերպ ունեն»,- կարծում է Ֆիդանը։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Ըստ Սպիտակ տան՝ բանակցությունները կանցկացվեն ուղիղ, ըստ Թեհրանի՝ միջնորդների միջոցով։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբաս Արաղչին։