Թուրքական իրականություն, կորոնավիրուսը շարուն...

Անցյալ շաբաթը Թուրքիայի համար բավական լարված էր, ըստ թուրքական մամուլի հրապարակումների։ Համաձայն Sözcü-ի, չնայած ձեռնարկված կանխարգելիչ եւ այլ միջոցառումներին, նոր տիպի կորոնավիրուսը մեր արեւմտյան հարեւանի մոտ շարունակում է տարածվել։ 

Առավել շատ վարակակիրները գտնվում են Ստամբուլում։ Բանն հասել է այնտեղ, որ Ստամբուլի կենտրոնական շրջաններից մեկում՝ Բեյքյոզում հատուկ գերեզմանատուն է առանձնացվել կորոնավիրուսից մահացածների համար։ Անցյալ շաբաթվա ընթացքում Ստամբուլի քաղաքապետ Իքրամ Իմամօղլուն պահանջել է ավելի խիստ սահմանափակումներ կիրառել, եթե ոչ ամբողջ Թուրքիայում, ապա գոնե՝ Ստամբուլում։ Թուրքական հասարակությանն անցյալ շաբաթ սպասվում էր բավական յուրօրինակ իրադարձություն, որը կարելի էր համարել անակնկալ՝ արված հայտնի BBC-ի կողմից։

Վերջինիս Africa Eye documentary ծրագրի շրջանակներում, նկարահանվել է ֆիլմ՝ «Թուրքիայի ուրվական-նավերը» վերնագրով (Turkey's Ghost Ships), որտեղ ներկայացվում է, թե ինչպես այս տարվա հունվարին «Բանա» նավը, որը նավարկում է Լիբանանի դրոշի ներքո, թուրքական Մերսինի նավահանգստից սպառազինություններ է տեղափոխել Լիբիա, որտեղ շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Ֆիլմում հստակ արձանագրվում է, որ Թուրքիան, Էրդողանի կողմից Լիբիայի հարցով համաձայնագրի կնքումից արդեն հինգ օր անց խախտել է ՄԱԿ կողմից սահմանված էմբարգոն, որով արգելվում է Լիբիային ցանկացած տեսակի սպառազինությունների մատակարարումը։

Ու մինչ թուրքական հասարակությունը կփորձեր հասկանալ, թե ինչն ինչոց է ու իշխանություններից բացատրություններ պահանջել, ի հայտ են գալիս սոցիալ-տնտեսական առաջին կնճիռները․ Թուրքիայի հնագույն ավիաընկերությունը՝ «Օնուր Էյրը» դադարեցրեց բոլոր թռիչքները։ Էրդողանը 15,1 միլիարդ դոլար է հատկացրել կորոնավիրուսային պանդեմիայի տնտեսական անկման հետեւանքները մեղմելու համար, սակայն կարծես թե դա բավական չէ։ Անցյալ շաբաթ, նաեւ Ռուսաստանը դադարեցրեց ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։

Շաբաթը, եթե ավելացնենք նաեւ Բաթմանի եւ Դիյարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունները, դրան հետեւած աղմուկը, Սիրիայի որոշ շրջաններին թուրքական իշխանությունների կողմից ջրազրկումը եւ եւս մի քանի իրադարձություններ, բավական հագեցած ու լարված է եղել մեր հարեւանի մոտ։