
Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերի եւ պատժամիջոցների խստացումը՝ ԱՄՆ ջուր մատակարարելու մասին 1944թ. պայմանագիրը խախտելու պատճառով։
«Մեքսիկան պարտք է Տեխաս [նահանգին] 1,3 մլն ակրո-ֆուտ (1,6 մլրդ խորանարդ մետր) ջուր 1944թ. Ջրի պայմանագրի համաձայն, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները։ Մենք կշարունակենք խստացնել հետեւանքները, ներառյալ մաքսատուրքերը, գուցե նաեւ անգամ պատժամիջոցները, մինչեւ որ Մեքսիկան սկսի հետեւել պայմանագրին եւ Տեխասին ջուր տա, որը պարտավոր է անել»,- գրել է նա իր Truth Social սոցցանցի էջում։
Բացի այդ, Թրամփը նշել է, որ ջրի պակասի պատճառով անցյալ տարի փակվել է Տեխասի միակ շաքարի գործարանը։
Ինչպես տեղեկացրել է The Washington Post-ը 2024թ. մայիսի 17-ին, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտում է պայմանագիրը՝ «դիմադրելով ջրի մատակարարմանը Միացյալ Նահանգներ», քանի որ ինքն է տառապում երաշտից: Երկրները 1944թ. ստորագրել են համաձայնագիր, որով Մեքսիկան պարտավորվել է 5 տարին մեկ անգամ Ռիո Գրանդե գետի ավազանից մոտ 2,2 միլիարդ խորանարդ մետր ջուր ուղարկել ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ը՝ Կոլորադո գետից 1,8 միլիարդ խորանարդ մետր ջուր ուղարկել հակառակ ուղղությամբ: