Թոշակառուները բանկ այցելելու փոխարեն կարող են...

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը այսօր ներկայացրեց իր նախագիծը, որով թոշակառուները այլևս ստիպված չեն լինի այցելել բանկեր, որպեսզի ապացուցեն, որ ողջ են։ Թանդիլյանն ասաց, որ դա պարտադիր չէ, բայց հնարավորություն կտա շարժողական խնդիրներ ունեցողներին բանկ չայցելել։

Պատգամավորը բացատրեց, որ թոշակ վճարող բանկերի մեծ մասն արդեն ունի տեսակապով մարդկանց նույնականացնելու հնարավորություն։ Այդ դեպքում թոշակառուները պարզապես կարող են տեսակապով հաստատել, որ ողջ են։ Ընդ որում՝ դա արդեն տարածվում է բոլորի վրա․ եթե մարդը չունի շարժողական խնդիրներ, բայց չի ուզում բանկ հասնել, նույնպես կարող է այդ եղանակին դիմել։

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ օրենքի նախնական տարբերակին դեմ են եղել, բայց փոփոխված տարբերակի վերաբերյալ այլևս սկզբունքային դեմ դիրքորոշում չունեն, պարչզապես որոշ շտկումների կարիք կա։

Ինչ վերաբերում է բանկերի պատրաստակամությանը, Թանդիլյանն ասաց, որ բանկերն արդեն իսկ ունեն այդպիսի համակարգեր և գովազդում են այդպիսի գործառույթների իրականացումը։