80-ամյա քաղաքացին ի վիճակի չէ անձամբ ստանալ կ...

Politik.am-ին դիմած քաղաքացին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Արթուր Գասպարյանը կանգնած է անորոշ խնդրի առաջ: Հայրը՝ 80-ամյա Գասպար Գասպարյանը, թոշակառու է և ունի առողջական խնդիրներ:

Վերջինս իր կենսաթոշակը ստանում է բանկային քարտի միջոցով: Կենսաթոշակի՝ բանկային քարտով փոխանցման համար անհրաժեշտ է թոշակառուի ստորագրությունը, որը վավեր է 1 տարի: Գասպար Գասպարյանի՝ բանկում կատարած ստորագրության 1 տարին լրացել է, և անհրաժեշտություն է առաջացել կրկին ստորագրելու՝ քարտային փոխանցումը պատշաճ կերպով շարունակելու համար, բայց քաղաքացին առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ անձամբ ներկայանալ բանկ:

Որդին՝ Արթուր Գասպարյանը, երբ բանկում տեղեկացրել է այս մասին, ուղղորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ասելով, որ պետք է դիմել այնտեղ, որպեսզի այսուհետ կենսաթոշակը փոխանցվի փոստատարի միջոցով:

Նախարարությունում, սակայն, նույն խնդիրն է առաջացել՝ պահանջել են, որպեսզի թոշակառուն անձամբ ներկայանա: 

Politik.am-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեզ տեղեկացրին, որ իրենք չունեն այլ տարբերակ՝ թոշակառուները պարտավոր են անձամբ ներկայանալ նախարարություն: Նախարարությունն առաջարկություն է ներկայացրել, որ նմանատիպ դեպքերում (օրինակ՝ թոշակառուի՝ նախարարություն ներկայանալու անհնարինության դեպքում՝ առողջական խնդրի պատճառով) բանկն այցելություն կազմակերպի տվյալ անձի բնակարան, սակայն կառավարությունը մերժել է այս նախագիծը: Արդյունքում՝ Սոցապնախարարությունը որևէ այլ լծակ չունի:

Որպես այլընտրանքային տարբերակ՝ նախարարությունից նշեցին, որ քաղաքացին կարող է լիազորագիր տրամադրել որևէ մեկին, սակայն նոտարական ծառայությունների համար ևս պարտավորվում է անձամբ վճարել: Այս դեպքում ևս նախարարությունը օժանդակելու լծակներ չունի:

Ստացվում է՝ եթե անձն ի վիճակի չէ ստանալ իրեն օրենքով հասնող կենսաթոշակը, ապա այն պարզապես չի տրամադրվում: Մնում է հասկանալ՝ ինչ նախաձեռնությամբ հանդես կգա կառավարությունը՝ խնդրի լուծման համար: Այն, ի դեպ, այս մեկ դեպքով չի սահմանափակվում: