Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն իրենց լիդեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անսկզբունք են, գրել ենք բազմաթիվ անգամներ եւ այս առումով նոր ասելիք էլ կարծես թե չկա։ Սակայն անսկզբունքային լինելուց բացի, այս իշխանությունները նաեւ սարսափելի վախկոտ են ու մորթապաշտ։ Բացատրենք թե ինչու։
Բանն այն է, որ երբ այս իշխանության ներկայացուցիչները դեռ խաղում էին ընդդիմադրի դերը, բաց չէին թողնում հակառուսական ակցիա իրականացնելու որեւէ առիթ եւ դուրս էին գալիս փողոց, հիմնականում Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց եւ պիկետներ էին անում։ Այդպես էր միշտ, եւ հատկապես այն ժամանակ, երբ օրինակ Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնին ինչ որ բան էր անում, դրա համար ձերբակալվում եւ այդ ձերբակալության դեպքը Արեւմուտքում արձագանքվում էր որպես տիեզերացունց ոտնահարում մարդու իրավունքների։
Այդ տարիներին, այսօրվա իշխանության կարկառուն դեմքերից նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Նարեկ Բաբայանը Երեւանում ռուսական դեսպանատան դիմաց էին հայտնվում, քննադատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրան համարում բռնապետ, Ռուսաստանում դեմոկրատիայի վիճակը ողբալի, եւ կոչ անում անհապաղ ազատ արձակել Նավալնուն, եւ աջակցում Ռուսաստանում դեմոկրատիայի հաստատմանը, մի խոսքով, ամեն ինչ ժանրի կանոնների համաձայն։ Ու այդ ժամանակ նրանց չէր էլ հետաքրքրում, որ Նավալնին ուներ գրեթե ֆաշիստական անցյալ, որ անհարգալից վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, ու նաեւ անհարգալից հայտարարություններ էր անում հայերի հասցեին։
Կարեւորը արեւմտամետի կամ ավելի անկեղծ՝ հակառուսականության ճամբարում դիրքավորումն էր։ Սակայն այս նույն մարդիկ, որոնք այսօր իշխանության մաս են կազմում, ունեն ավելի լուրջ հնարավորություններ ու լծակներ, զարմանալիորեն լուռ են, թեեւ երկու-երեք օր առաջ Ալեքսեյ Նավալնին վերադարձավ Ռուսաստան Բեռլինից, որտեղ նախ բուժվում էր, հետո ապրում, եւ ձերբակալվեց իր հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։ Շատ զարմանալի է, որ դեռ պատերազմից առաջ Նավալնուն Հայաստանի Հանրայինով եթեր տրամադրող իշխանությունը զարմանալիորեն լռություն է պահպանում ու ծպտուն չի հանում, թեեւ զուտ մարդկային բարոյականության եւ քաղաքական համոզմունքների դավանության սկզբունքայնությունից ելնելով, հիմա կառավարության կազմի մեծ մասը եւ ԱԺ իշխող խմբակցության մեծ մասը պետք է բազմահազարանոց ցույցերը ղեկավարեին Երեւանում՝ ռուսական դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնու, ում պաշտպանության օգտին խոսել են Արեւմուտքի գրեթե բոլոր առանցքային դեմքերը՝ սկսած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Սալիվանից մինչեւ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից մինչեւ ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Բիլնկինը։
Ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների համար հիմա Նավալնու հարցը առաջնահերթություն չէ։ Սակայն երբեւէ եղել է արդյոք առաջնահերթություն, եթե ոչ միայն այն պարագայում, երբ պետք էր հակառուսականությունը առաջ բրդել հայ հասարակության մեջ։ Երեւի այս տարբերակն ամենից իրականն է։ Հակառակ դեպքում, ոչ մի բան գրեթե չի փոխվել՝ Ռուսաստանում իշխանության ղեկին Վլադիմիր Պուտինն է, չի փոխվել Ռուսաստանի կառավարման ձևը, չի փոխվել նաեւ Երեւանում ՌԴ դեսպանատան հասցեն։ Փոխվել է միայն մի բան, Նավալնու հայաստանյան աջակիցները ընդդիմադիրից դարձել են իշխանություն եւ հասկանում են, որ Ռուսաստանն այժմ իրենց բարեկեցության եւ աթոռի վրա մնալու միակ հույսն է եւ հետեւաբար՝ կեցցե մորթապաշտություն, գրողի ծոցը՝ սկզբունքները։ Ի դեպ, Մոսկվայում լավ հիշողություն ունեն, ու այսօրվա լռությունը հենց այս լույսի ներքո են դիտարկում եւ ոչ երբեք ռուսամետության։