Տեսանյութ․ Ալիևն իրեն ցինիկ է պահում, բայց Ար...

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարություններով։ Բացի այն, որ երկու նոր պետական տոն հռչակեց, կապված Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հետ, միաժամանակ նաեւ խոսեց Ղարաբաղյան խնդրի որոշ ասպեկտների մասին, հատկապես շեշտելով, որ Ղարաբաղյան հակամարտության խնդիր այլեւս գոյություն չունի եւ Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։

Այս հայտարարությունից հետո տեսականորեն սպասելի էր, ինչի մասին նաեւ առողջ բանականությունը կամ ողջամտությունն է հուշում, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատշաճ կերպով արձագանքեին ու հակադարձեին։ Սակայն ավաղ, նախ Հայաստանի իշխանություններից ողջամտություն եւ առողջ բանականություն սպասելն է սխալ, եւ երկրորդ, Հայաստանի իշխանությունները չեն հակադարձում Ալիեւին։ Դրա փոխարեն Հայաստանում, ընդդիմության առաջնորդներից «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հակադարձեց Իլհամ Ալիեւին։

«Politik.am»-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը նախ նկատեց, որ Իլհամ Ալիեւը վերջին շրջանում բավական ցինիկ հայտարարություններ է թույլ տալիս իրեն հնչեցնել, որոնք, ցավոք Հայաստանի այսպես կոչված իշխանությունները, թողնում են անպատասխան։ Վանեցյանն արձանագրեց, որ «երբ երկրի գործող վարչապետը չի արձագանքում թշնամի երկրի ղեկավարի հայտարարություններին, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգաբնակչությանը, հայերին, Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, խոսում է այն մասին, որ մենք ուղղակի չունենք իշխանություն, չունենք ադեկվատ իշխանություն, չունենք իշխանություն, որը ունի բարոյական իրավունք պատասխանել հակառակորդ երկրի ղեկավարին»։

Նշելով, որ Ալիեւի հայտարարությունները հիմնականում հիվանդ մարդու հայտարարություններ են, Արթուր Վանեցյանը ասաց․ «Արցախի Հանրապետությունը 94 թվականի զինադադարի կնքումից հետո կա, ունի իր սահմանադրությունը, իր սահմանները, իր օրենքները, իր պետական կառավարման համակարգը եւ այս խայտառակ պարտությունից հետո, որի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, չի նշանակում, որ Արցախի Հանրապետություն այլեւս չկա։ Արցախի Հանրապետությունը կա, ուղղակի այս փուլում, նրա որոշ հատվածը զավթված է թշնամու կողմից»