Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկա սեպտեմբերին հնարավոր է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնեց «ՏԱՍՍ»-ը ռուսական ԱԳՆ-ում ունեցած աղբյուրներին հղում տալով։
Հանդիպումը տեղի կունենա, եթե
1/ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների դինամիկան թույլ տան եւ
2/ համաճարակային իրադրությունը նման հնարավորություն ընձեռնի, ինչպես նշված է ռուսական հեղինակավոր պարբերականում հայտնված հրապարակման մեջ։
Ուշագրավ է այն, որ այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց։ Սպասվող հանդիպումը, ըստ ամենայնի կկայանա, քանի որ այսօր արդեն հայտնի դարձավ, որ ակտիվության նշաններ ցույց տվեց նաեւ ՄԽ երրորդ համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան։ Մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժակ Իվ լը Դրիանը հայտարարել է, որ Փարիզը կներդնի բոլոր ջանքերը՝ Ղարաբաղյան կարգավորման հարցում քաղաքական լուծման հասնելու համար։ Սպասվող հանդիպումից մեծ սպասելիքներ ունենալ, գոնե այս պահի դրությամբ, պետք չէ։ Նախ, սա կլինի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը, ինչը նշանակում է, որ այն լինելու է ավելի շատ ճանաչողական։ Կարելի է սպասել, Բաքվից վերջին շրջանում Հիքմաթ Հաջիեւի եւ այլոց կողմից հնչեցված հայտարարությունները նկատի ունենալով, որ Ադրբեջանը կառաջարկի որոշակիորեն փոփոխել հակամարտության կարգավորման լիազոր մարմնի՝ ՄԽ եռանախագահության կազմը, կամ գոնե՝ ՄԽ ընդլայնված հանդիպում կազմակերպելու առաջարկ կներկայացնի։ Ինքնին հասկանալի է, որ դա նշանակում է, Թուրքիային Ղարաբաղյան հարցում ներգրավվելու այն է՝ Կովկասում ներթափանցելու հնարավորություն տալ, սակայն հաշվի առնելով, Լավրովի վերջին հայտարարությունները որոնք այլ կերպ քան «մատ թափ տալ» Անկարայի վրա, գնահատել հնարավոր չէ, Ռուսաստանը կվիժեցնի նման քայլերը։ Սպասել, որ ինչ որ կոնկրետություն կմտցվի այդ հանդիպման ընթացքում, անիրատեսական է, քանի որ գոնե Բաքվի մասով, Բայրամովը հաստատ մի վեց ամիս ժամկետ կուզենա, ծանոթանալու համար հակամարտության փաստաթղթային փաթեթին։ Իհարկե, մեր կանխատեսումը կարող է կտրուկ փոխվել, եթե իրադարձությունների զարգացումները կտրուկ փոխվեն կամ էլ ֆորս մաժորային բան տեղի ունենա։ Թերեւս ավելի կարեւոր կլինի այն, թե արդյոք Երեւանը կկարողանա առաջնագծում միջազգային մոնիթորինգի անցկացման հարցը առաջ մղել եւ արդյոք գոնե մինչեւ տարեվերջ Փաշինյան-Ալիեւ հանդիպում կկազմակերպվի, թե՝ ոչ։