Տապալվեց ռուսների «թեւերը ոլորելու» եւս մեկ դ...

Մինչեւ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային սրացումը, ռուսական մի շարք վերլուծաբաններ եւ փորձագետներ իրենց հրապարակումներում, բավական ճշգրիտ կարողացել էին կանխատեսել, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ կօգտագործի Ադրբեջանին՝ հակառուսական իր քայլերի համար, որը կդրսեւորվի Հայաստանի կամ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումներով։

Իրականում բավական հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում, որը զարգանում է իր հունով եւ անկախ արդյունքներից, եթե նույնիսկ դրանք լինեն չափազանց հայանպաստ, դրանցում գործող իշխանությունների դերը կարող է լինել այնքան, որքան պիեսի բեմադրման հաջողվածության մեջ բուտաֆորիկ դեկորացիաների դերը։

Ըստ ամենայնի, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիան ոգեւորվեց իր տաարածք մուտք գործած ադրբեջանական գազով։ Գազը նավթը, էներգակիրներն առհասարակ, այսօր դարձել են նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործիքներ։ Եկավ մի պահ, որ նույնիսկ ռուս փորձագետները սկսեցին ահազանգել, որ Թուրքիայում ադրբեջանական գազն ավելի շատ է գնվում, քան ռուսականը էլ չասենք, որ այս տարվա հունվարից կարծես թե խախտվել է տասնամյակների պատմություն ունեցող մի ջենթլմենական պայմանավորվածություն, այն է, ադրբեջանական նավթը դադարել է հոսել Ռուսաստան Նովոռոսիյսկի նավթամուղով։ Թուրքիան ըստ ամենայնի ինչ որ հակառուսական դավադրություն էր ծրագրել եւ փորձեց իրականացնել մի քանի ուղղություններով՝ էներգակիրների եւ տարածաշրջանային դիրքերի։

Թերեւս սրանով պետք է բացատրել Ադրբեջանի անակնկալ կերպով զինված արկածախնդրության գնալը եւ Թուրքիայի հոխորտանքն այդ համատեքստում։ Ամենայն հավանականությամբ այս կերպ Անկարան փրոձում էր այս կերպ Արեւմուտքիբ դուր գալ։ Սակայն այն, որ ԱՄՆ-ում հնարավոր է սանկցիաներ կիրառվեն Թուրքիայի դեմ, ինչը առաջին նախադեպը կլինի, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի ՆԱՏՕ-ի անդամ պետության դեմ, խառնեց Անկարայի խաղաթղթերը։ Ռուսաստանը կարելի է ասել, հենց սկզբից էր հասկացել այս ամենը։ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հասկացել էր, որ Ալիեւի արկածախնդրությունը հրահրված է, բայց արդյոք ճիշտ էր հասկացել թե ովքեր են հրահրողները, դժվար է ասել։

Պատահական չէ այն, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն նախ իրեն պահեց չեզոք եւ չներքաշվեց նոր կոնֆլիկտի մեջ բայց եւ պատահական չէ նաեւ այն, որ ռուսական ռադիոլոկացիոն հակաօդային «Կոնտեյներ» համակարգի շնորհիվ են կարողացել մերոնք խոցել 30 միլիոնանոց իսրայելական արտադրության դրոն եւ այլ ԱԹՍ-ներ, ինչպես հայտնում է ռուսական ավիացիայի ոլորտում մասնագիտացված «Ավիա Պրո» կայքը, որի հրապարակումը այդպես էլ ՀՀ ՊՆ-ն չմեկնաբանեց։

Մինչ այս պահը եթե հանրագումարի բերենք, ապա հետաքրքիր էր հատկապես հայաստանյան եւ հայազգի այսպես ասած սորոսականների «գրեթե պապանձված վիճակը» եւ ապա միանգամից պոռթկացած հատկապես հակառուսական հունով «պերճախոսությունը», որտեղ չի կարելի չնկատել ապրած հիասթափությունը, որն առկա էր թե Թուրքիայի եւ թե Արեւմուտքի կողմից։ Չէ, որ մեծ հաշվով գոնե ներկա փուլում տապալվեց ռուսների «թեւերը ոլորելու» եւս մեկ դավադրություն։