Տամոժնի Գագոյի 1,5 մլն դոլարանոց նվերը․ Փաշին...

Երևանի քաղաքապետարանի շուրջ աղմուկը չի դադարում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը պահանջում են, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանը բացատրություններ ներկայացնի հանրությանը տարբեր ընկերություններից աղբատար մեքենաների տեսքով նվերներ ստանալու մասով։ 

Նվեր ստացած աղբատար մեքենաների աղմուկից հետո հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն այլ նվեր էլ է ընդունել։ Այս անգամ, ըստ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի, նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է շինթույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ Ըստ պատգամավորի, 1,5 մլն դոլար արժողության շինարարական աշխատանք է կատարելու Խաչատրայանների ընտանիքը, որպես նվեր քաղաքապետարանին՝ կառուցվելու է ավտոբուսների և աղբատար մեքենաների հավաքատեղի։ Ի դեպ օրերս քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր շինհրապարակ և տպավորություն էր, թե քաղաքապետարանն է շինարարություն իրականացնում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ այլ խնդիր էր բացահայտել։ Ըստ ավագանու անդամի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերությունը Տերյան 5 հասցեում կառուցում է բազմահարկ շենք։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք թույլատրվել է կառուցել 11 հարկ, իսկ ահա այս տարվա նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը թույլ է տվել ավելացնել ևս 5 հարկ։

Ավագանու անդամը պարզել է, որ իրականում քաղաքապետի թույլտվության օրն այդ հարկերն արդեն իսկ կառուցված են եղել։ Այսինքն ստացվում է, որ Հայկ Մարությանը որոշում է կայացրել, որով անօրինական շինարարությունը ճանաչվել է օրինական, իսկ դրա դիմաց 1,5 մլն դոլարի նվեր է ստացել։

Ի դեպ, մեր տեղեկություններով Գագիկ Խաչատրյանը այլ ճանապարհներով փորձել է միջնորդել, որպեսզի անհրաժեշտ թույլտվությունը ստանա, բայց տարբեր պաշտոնյաներից մերժումներ է ստացել։ Խաչատրյանի սրտի ցանկությունը կյանքի է կոչել միայն Հայկ Մարությանը։

Սա կարծում ենք պետք է հայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում։ Կա վտանգ որ այստեղ կոռուպցիոն սխեմա է գործում և նոր իշխանությունները վերակենդանացրել են նախկինների ոչ այնքան բարի ավանդույթը։ Եթե գործը կոծկվի, ապա կարելի է ենթադրել, որ Մարությանը ինքնագլուխ  որոշում չի կայացրել և ունի քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»։