Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձ...

Երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Սյունիքում լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ ադրբեջանական բանակը մի քանի կիլոմետր առաջ է եկել Սև լճի հատվածում։ Լրատվամիջոցները անմիջապես փորձեցին տարբեր աղբյուրներից տեղեկություններ ճշտել և հրապարակել։ Սյունիքի համայնքապետերը խոսում էին ստեղծված իրավիճակի և ադրբեջանցիների առաջխաղացման մասին, իսկ կառավարությունն ու իշխող թիմի ներկայացուցիչները շարունակում էր լռություն պահպանել։

Կարճ ժամանակ անց իշխող թիմի ներկայացուցիչները սկսեցին խոսել։ Առաջինը խոսեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նա հայտարարեց, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»:

Հետո խոսեց ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդոնը։ Նա վստահեցրեց, որ մի անպետք բարձրունքի մասին է խոսքը․ «Սյունիքում լարվածության առիթ էր պետք, որպեսզի շատերը դա ճոխացնեն, և երկիրը դնեն լարվածության մեջ։

Ադրբեջանցիները 1974 թվականի քարտեզով եկել էին ինչ-որ բարձունքի վրա եկել և ասում էին, որ մերն է այս բարձունքը։ Էլի են լինելու այսպիսի դեպքեր։ Մի տեղ մենք ենք առաջ գնալու, իրենք են շուխուռ անելու, և մյուս անգամ էլ հակառակը։ Ընդամենը մի հատ դիրք է՝ չպահպանվող բարձունք»:

Իշխանություններն օրվա ավարտին արդեն ուժեղացրեցին քարոզչական դոզան և սկսկեին մեղադրել ընդդիմադիրներին կեղծ լուրեր տարածելու և մեդիատեռոր իրականացնելու մեջ։ Այս գործում հատկապես ակտիվ էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «#Մեդիատեռոր-ի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ ՝ Սյունիքի մասին։

Իշխանասարում ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ չի հնչել, էլ ուր մնաց ՝ մարտեր ընթանան։

Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ալեքսանյանը։

Իշխանություններն, ըստ էության, կարողացան համոզել հանրության լայն զանգվածներին, որ ոչինչ տեղի չի ունեցել ու եղածը մեդիատեռորի արդյունք է։ Երբ հանրության նշված հատվածը «խոտը կերավ»՝ կեսգիշերին Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում ասեց ճշմարտությունը․ «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը»,-հայտարարել էր Փաշինյանը։

Այս պահին կարող ենք փաստել, որ Սյունիքի հանձնումը արդեն սկսված է։ Իշխանությունները այսպես ասած «պիլոտային» ծրագիրը փորձեցին և ստուգեցին հանրության նյարդերը։ Այս պահին հանձնված է Սյունիքից մի մեծ կտոր և որևէ դիմադրություն չկա։ Սա ազդակ է, որ գործընթացը կարող են շարունակել և «առաջ շարժվել» նույն տրամաբանությամբ։