Ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբ...

Հայաստանն ունի պրոբլեմներ, առաջին հերթին անվտանգության հետ, այդ պրոբլեմները կապված են Ադրբեջանի հետ, ու Հայաստանի  ցանկացած կառավարությունը պիտի փորձի լուծել. դա ճանապարհ է, ակտ չէ, դա չի կարելի անել մի թուղթ ստորագրելով, լիդերների մի հանդիպումով: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պետք է լավ հասկանալ ինչ է կատարվում ռեգիոնում և ոչ միայն ռեգիոնում, դրա համար էլ կազմակերպում ենք այսպիսի միջոցառումներ, որ լսենք, թե ինչպես է տարածաշրջանին նայում  թուրք էքսպերտը, վրացի էքսպերտը, եվրոպացի էքսպերտները և այլն»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ թեեւ կողմերը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի 7 կետերի շուրջ, սակայն Ադրբեջանը չի շտապում ստորագրել, Իսկանդարյանն ասաց. «Խաղաղության համաձայնագրի դրույթներին համաձայնելն ու այն ստորագրելը տարբեր բաներ են: Ես հիշում եմ երևի չորս անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը «համաձայնել» են փաստաթղթերի շուրջ, սակայն դրանից որևէ մեկը չի ստորագրվել: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ուզում, նա դա օգտագործում է որպես պրոցես, ու Ադրբեջանը չի տեսնում այդ հնարավորությունը առնվազն հիմա:

Այստեղ կա նաեւ երկրորդ հանգամանք, ստորագրել համաձայնությունը և խաղաղությունը էլի տարբեր բաներ են: Մենակ ստորագրելով դու չես գա իսկական նորմալ հարաբերությունների տարածաշրջանում: Դա երկար պրոցես է»,- ընդգծեց փորձագետը: