Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատ...

Արցախի ապագան պայմանավորված է այստեղ մեր ներկայությամբ, ժողովրդագրությամբ: Եթե մենք բոլորս որոշենք հեռանալ, մենք պարզապես կկորցնենք Արցախը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Նա հիշեցրել է, որ, հնազանդվելով քաղաքացիական պարտքին եւ ձգտելով օրինակ ծառայել, նոյեմբերի 15-ին ինքն իր կնոջն ու երկուսուկես տարեկան երեխային բերեց Ստեփանակերտ` միաժամանակ գիտակցելով, որ ռիսկի է դիմում: «Կարծում եմ, որ մենք որոշակի պարտավորություն ունենք 90-ականների, 2016 եւ 2020 թվականների զոհվածների եւ վիրավորների առջեւ: Պարտավորության մի մասը այստեղ ապրելն ու երկիրը զարգացնելն է»,- ընդգծել է Բեգլարյանը:

Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելը, նախագահի աշխատակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ներկա պայմաններում տեսանելի տեսանելի ապագայում դա անհնար է: «Ադրբեջանական հասարակությանը տասնամյակներ շարունակ կանխամտածված թունավորվել են հակահայկական տրամադրություններով: Դրա արտացոլումը պատերազմի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություննե էին, տեղեկատվական դիվերսիաները: Մենք տեսնում ենք մինչ օրս, որ հակահայկական տրամադրությունները դրսեւորվում են ամենուր, ընդհուպ այս պետության ղեկավարի հայտարարություններում: Այն, թե ինչպես է նրանց հասարակությունն արձագանքում սպանությունների եւ ծաղրանքների դաժան պատկերներին, ցուցնիշ է այն բանի, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ֆիզիկապես ապրում ենք մեկ տարածաշրջանում, բնականոն հարաբերությունները ռացիոնալ առումով ձեռնտու են բոլորին: Բայց ես անկեղծորեն կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ բարիդրացիական հարաբերությունների, եւ նույնիսկ եթե նրանց կողմից կա քաղաքական կամք եւ գործուն ջանքեր, հակահայկական տրամադրությունները հասարակությունից հեռացնելը շուտ տեղի չի ունենա: Միգուցե ապագայում ինչ-որ ժամանակ դա հնարավոր կլինի, բայց ոչ տեսանելի հեռանկարում»,- նշել է Բեգլարյանը: