Սպասում ենք՝ վարչապետը միջամտի. Կոնդեցիներին...

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր: Այնտեղ նոր հանձնաժողովի ստեղծման և իրենց  բնակտարածքները չափագրելու պահանջով հավաքվել էին Կոնդի բնակիչները: Բողոքի ակցիայի բնակիչները պնդում են՝ տարիներ շարունակ իրենք բազմաթիվ անգամներ դիմել են նույն պահանջով, բայց որևէ լուծում չի տրվել, վերջին մեկ տարում ևս փոփոխություն չի եղել, բայց հավատում են վարչապետին և ակնկալում նրա աջակցությունը:

Ակցիայի մասնակիցները վարչապետին ուղղված նամակ փոխանցեցին, որում, ասված էր.«Քանի որ նոր ժամանակներում կատարված իրադարձությունները հույս ներշնչեցին բնակիչներիս՝ վերականգնելու օրինականությունը, հարցերի կապակցությամբ դիմեցինք քաղաքապետարան, սակայն բավարար պատասխան չստացանք: Հիմա դիմում ենք, որ վարչապետը միջամտի»:

Կառավարության նամակների և դիմումների, քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ակցիայի մասնակիցներին հրավիրեց ներս` քննարկելու խնդիրը. վերջիններս սկզբում մերժում էին՝ պատճառաբանությամբ, որ ցանկանում են անձամբ վարչապետին  տեսնել, սակայն քիչ անց բնակիչներից մի քանիսը ներս մտան:

Մայիսի 17-ին ևս Կոնդի բնակիչները ակցիա էին կազմակերպել, այն անգամ՝ Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։

Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: