«Սորոսականները» Փաշինյանին «պատին են դեմ տվել...

Հայաստանում Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ, բավականին հետաքրքիր մթնոլորտ է ստեղծել ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլ նաեւ բուն հայաստանյան հանրային-քաղաքական տիրույթում։

Այն, որ ռուսական կամ ռուսալեզու ալիքների դեմ տարիներ շարունակ հակաքարոզչություն էր իրականացվում այսօր արդեն իշխանության այսպես ասած փայատեր համարվող պայմանականորեն «սորոսական թեւ» անվանումն ստացած շերտի կողմից, հայտնի է դեռ վաղուց։ Հայտնի «սորոսականներ»-ը (Դանիել Իոանիսյան, Աշոտ Մելիքյան, Արթուր Սաքունց եւ այլք) իրենց հասանելի մեդիա ռեսուրսներում կամ սոցկայքային հարթակում անդրադարձել են այս հարցին, համարելով, որ ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում ազգային անվտանգության խնդիր է, իսկ ահա արշավը արդեն վերջին շրջանում հակառուսական հեռուստաալիքների դեմ քարոզչություն իրականացնելու հիմնական բեռը իր վրա վերցրել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը», եւ հիմա կարծես թե այդ ջանքերը պտուղներ են տալիս։

Սա արեւմտյան կողմնորոշման խմբի ընդհանուր հակառուսական տրամադրությունների համատեքստում եթե դիտենք օրինաչափ վիճակ է, քանի որ նույն բանը եղել է եւ Վրաստանում, եւ Ուկրաինայում, եւ Մոլդովայում։

Այս օրենքի ընդունումը, թե որքանով կհարվածի հայ-ռուսական՝ առանց այն էլ բարդ հարաբերություններին, դժվար է ասել, սակայն այն, որ հարված կլինի, ինքնին հասկանալի է, որովհետեւ ռուսալեզու ալիքները նախ եւ առաջ ռուսալեզու կամ ռուսերենի հետ կապված հասարակության խմբի համար են, ու ծառայում են նաեւ ռուսերենի տարածմանն ու պահպանմանը, իսկ այդ հարցում Մոսկվան չափազանց նրբազգաց է։

Խնդիրը այն է, որ փաստացի կարող ենք եւս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանում կա դրսի կողմից ղեկավարվող մի ուժ, որը այնքան է զորեղացել, որ կարողանում է Հայաստանում քաղաքական եւ միջպետական հարաբերությունների վրա ազդող օրակարգ թելադրել։ Եթե տեսալսողական մեդիային վերաբերվող օրենքը միայն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը լիներ, օրինակ, գուցե Մոսկվայում ավելի հանգիստ ընդունվեր, սակայն ռուսական կողմը լավ է հասկանում, թե այս հարցի հետ կապված քամիները որ ուղղությունից են փչում եւ ուր են տանում։

Դեռ անհասկանալի է նաեւ, թե որն է անձամբ Փաշինյանի մոտիվացիան այս հարցում։ Գուցե նա ուզում է ամեն գնով Մոսկվայի հետ պայմանավորվել, կամ գուցե փորձում է հարցը տանել քաղաքական առեւտրի տիրույթ, սակայն հաշվարկները այս առումով սխալ են, եւ Մոսկվային այս հարցով դժվար է գործարքի տրամադրելը։ Ամեն դեպքում, վատ է այն, որ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար կամ ոչ, սկսել են ազգային-պետական օրակարգը լրացնել դրսից կառավարվող ուժերի բերած էլեմենտներով։

Հետաքրքրական էր, որ օրեր առաջ, ԱԺ իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը փորձում էր հերքել այն, ինչի մասին հաշված օրեր անց այդ հերքումից, մտահոգությամբ արձանագրեց Հայաստանում ռուսական դեսպանությունը։

Եվ շատ ավելի հետաքրքրական է, որ պայմանական սորոսականների համար չափազանց վատն են ռուսական ալիքները, եւ դրանք արգելման ենթակա են, սակայն Հայաստանի շատ բնակավայրերում հասանելի ադրբեջանական CBC հեռուստաալիքի հայերեն թողարկումների մասով կարծիք չունեն, այն դեպքում, երբ ադրբեջանական մեդիան հայերի մասին ամենակեղտոտ քարոզչական ստերն ու կեղծիքներն է հրամցնում։ Այս համատեքստում պետք է արձանագրել, որ ազգային անվտանգության մասին ունեցած «սորոսականներ պատկերացումները չափազանց տարօրինակ են։

Հ․Գ․ Ակնհայտ է, որ գոնե այս փուլում Փաշինյանի համար ձեռնտու չէ ռուսների հետ կոնֆլիկտի նոր առիթ ստեղծել, բայց նաև ակնհայտ է, որ վարչապետը ստիպված է այս օրակարգը կյանքի կոչել։ Դա իր պարտնք  է իրեն իշխանության բերած ուժերին։