Սորոսական Մարիա Կարապետյանը կասկածում է, որ Հ...

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննության ժամանակ հիշեցրեց՝ մարդն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղավորությունը:

«Այսօր մենք քննարկում ենք, թե արդյո՞ք մարդու նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: Մեզ այստեղ չպետք է հետաքրքրի մեղքի ապացուցման հարցը: Պատգամավորական անձեռնմխելիությունն այն մասին չէ, որ պատգամավորն իրավունք ունի հանցանք գործելու, պատգամավորական անձեռնմխելիությունն այն մասին է, որ պատգամավորները կարողանան միմյանց պաշտպանել քաղաքական հետապնդումից»,-ասաց պատգամավորը:

Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին խնդրեց ևս մեկ անգամ կրկնել, թե առաջին անգամ ե՞րբ են ազդակներ ստացվել քննող մարմիններում այդ կաշառքի դեպքերի առթիվ, առաջին անգամ ե՞րբ է պատգամավոր Աղազարյանի անունը շոշափվել այդ դրվագներում, որքա՞ն ժամանակ է տևել այդ պահից մինչև իր՝ ԱԺ գալը, և  արդյո՞ք այս ժամանակը համադրելի է սովորական քննվող հարցերի ժամանակի հետ:

Նա ավելացրեց, որ եթե այդ ժամանակները համադրելի են, ինքը կարող է համոզմունք ունենալ, որ գործընթացն այլ կողմերից չի ազդվել:

«Տիկին Կարապետյան, ԱԺ-ն տալիս է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն, դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցում բոլոր դեպքերում՝ առանց համաձայնության, եթե խոսքը չի վերաբերում անձեռնմխելիությունից օգտվող անձանց: Սա նշանակում է, որ Ձեզ մոտ պետք է լինի համոզմունք, որ կա ապացույցների համակցություն, որը թույլ է տալիս հիմնավոր կասկածից վեր չափանիշով անել ենթադրություն՝ պահպանելով անմեղության կանխավարկածը, որ անձը կարող է կատարած լինել իրեն ենթադրաբար մեղսագրվող արարքը: Այստեղ թող շփոթմունք չառաջացվի՝ քրեական հետապնդում կա, թե չկա: Քրեական դատավարության օրենսգիրքը քաղաքական հետապնդում կատեգորիայի հետ չի աշխատում: Իմ խնդիրն է այստեղ ներկայացնել բոլոր ապացույցները, որոնք կարող են դիրքորոշում ձևավորել անձի կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու կամ չկատարելու մասով»,-պարզաբանեց Գլխավոր դատախազը:

Նա նաև ավելացրեց, որ հենց դրա համար է ամենավերջում ԱԺ եկել՝ ունենալով բոլոր բավարար ապացույցները:

Նա նորից կրկնեց այն ժամկետները, որոնց ժամանակ երկու վարույթները քննվել են. «Ի դեպ, երկու գործերն էլ բացահայտվել են տարբեր վարույթների շրջանակներում: 2023 թվականի դեկտեմբերին քննիչի կողմից Հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Իսկ ինչու է քննիչը ներկայացրել, քանի որ իր կողմից քննվող գործի շրջանակներում հայտնաբերել է նոր վարույթի մասին վկայող փաստեր: Երկրորդ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցվել 2024 թվականի նոյեմբերին»: