
Ռուսաստանցի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը ստիպված է եղել բացատրել Չեչնիայի իշխանություններին «Ահմատ» ստորաբաժանման վերաբերյալ իր խոսքերի համար։ Հասարակական կոնֆլիկտի է հանգեցրել Սոլովյովի արձագանքը Կուրսկի նահանգապետի նախկին խորհրդական Ռոման Ալյոխինի գործողություններին, որը միացել էր Չեչնիայի հատուկ ջոկատայիններին։ Վերջինը, իր խոսքով, «Ահմատում» պայմանագրով ծառայել է ընդամենը 23 օր, սակայն կարեւոր դեր է խաղացել ռուսական բանակի՝ Սուջայի գազատարով Ուկրաինայի ԶՈւ թիկունք մտնելու գործողությունում։ Մասնավորապես, ինչպես Ալյոխինը տեղեկացրել է ամերիկացի բլոգեր Պատրիկ Լանքաստերի հարցազրույցում, նա կազմակերպել է մատակարարումներ ողջ գործողության համար եւ փոխարինել հրամանատարին, երբ նա հանգստանում էր, գրել է The Moscow Times-ը։ Նման հայտարարությունն առաջացրել է Սոլովյովի վրդովմունքը։ Մարտի 19-ին իր հաղորդումներից մեկում նա քննադատել է Ալյոխինին. «Ո՞վ է նա, ձեր...-ը: Ո՞վ է այս ստահակը: Ինչպե՞ս կարող է լեգենդար «Ահմատ» ստորաբաժանումը սրան պահել իր շարքերում։ Սա բանա՞կ է, թե՞ բանդա»,- ասել է Սոլովյովը՝ նշելով, որ Ալյոխինին պետական մրցանակ է շնորհվել «гуманитарочка»-ի համար»։ Այս մասին տեսաուղերձով արձագանքել է «Ահմատի» հրամանատար Ապտի Ալաուդինովը։ Նա ընդգծել է, որ ինքը չի զբաղվում ստորաբաժանման կադրերի ընտրությամբ եւ պատրաստ է վերցնել Սոլովյովին, եթե նա պայմանագիր կնքի։ Ալաուդինովին ամենից շատ ցավ է պատճառել այն, որ նա իբր Ալյոխինին պարգեւատրել է մարդասիրական օգնության համար: «Ցույց տվեք ինձ այն վայրը, որտեղ ես պետական պարգեւները փոխանակել եմ մարդասիրական օգնության հետ»,- ասել է նա եւ պահանջել, որ իր ստորաբաժանմանը ձեռք չտան: Հաջորդ օրը Սոլովյովը հրավիրել է Ալաուդինովին իր եթեր, որի ժամանակ նա շողոքորթել է նրան։ Սակայն սա բավարար չի թվացել։Նույն օրը Չեչնիայի արտգործնախարար Ահմեդ Դուդաեւը հրապարակել է երկու տեսանյութ։ Սկզբում նա ասել է, որ «չարագործները» փորձում են խաթարել Չեչնիայի իշխանությունների եւ Սոլովյովի բարեկամական հարաբերությունները, քանի որ նա եթերում ասել է «քո ...-ը»։ «Ձեզ հետ մեր հարգալից, բարեկամական հարաբերությունները այս սատանիստների ոտնձգություններից զերծ պահելու համար կխնդրեի ձեզ պարզաբանել՝ արդյոք այս խոսքերը կապ ունեն Չեչնիայի Հանրապետության կամ «Ահմատի» հատուկ ջոկատայինների ներկայացուցիչների հետ», - ասել է Դուդաեւը։ Երկրորդ տեսանյութում Սոլովյովը գրեթե երկու րոպե «բացատրվում» է՝ բոլոր չեչեններին անվանելով «ընկերներ եւ եղբայրներ»։ Նրա խոսքով՝ Ալյոխինը «անարժան մարդ» է, որը ստվեր է գցել «Ահմատի» անբասիր հեղինակության վրա։ «Ես զարմացած եմ, որ ինչ-որ մեկը կարող է մտածել, որ իմ խոսքերն ուղղակիորեն վերաբերում են «Ահմատի» ղեկավարությանը կամ իմ ընկեր Ապտի Արոնի Ալաուդինովին: Քո ...-ը կարող է առնչվել միայն այն շեյթանների հետ, որոնք փորձում են վարկաբեկել լեգենդար ստորաբաժանումը»,- ասել է Սոլովյովը: Միաժամանակ նա Դուդաեւի հրապարակած տեսանյութը տեղադրել է իր Telegram-ալիքում։