Սխալ է հին բարեկամին ուրանալը. Զարիֆին պետք է...

Զարիֆը ռեգիոնալ տուրնեով որսաշան նման օդն է հոտոտում՝ ռեգիոնում փոփոխությունները հասկանալու համար Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ռեգիոնալ իր տուրնեն է իրականացնում։ Թարմ մսի հոտ առած քերծե որսաշան նման դունչը օդին պարզած հոտոտում է ռեգիոնում միջավայրի հնարավոր փոփոխությունները, փորձում հասկանալ, թե ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպես կկարողանա իրեն դրսեւորել իր երկիրը։ Չէ որ աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահ դարձավ Ջո Բայդենը, իսկ աշխարհաքաղաքականության ժամանակակից մոդելի ճարտարապետներից մեկն համարվող Հենրի Քիսինջերը նրան հորդորեց Իրանի հարցով «ոտքը գազից չհանել» եւ հանկարծ չվերադառնալ Միջուկային գործարքի համաձայնագիր, որովհետեւ այդ դեպքում Մերձավոր Արեւելքը կարող է դառնալ միջուկային զենքի տարածման թատերաբեմ։ Զարիֆի առաջին կանգառը Բաքուն էր։

Առաջիկայում լինելու են կանգառներ նաեւ՝ Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում։ Նախապես հայտարարվել էր նաեւ Անկարա հնարավոր այցի մասին, սակայն հետո այդ հանգրվանը կարծես հանվեց։ Բաքու այցելությունը չափազանց արդյունավետ պետք է դիտարկել։ Կարող ենք արձանագրել՝ ռեգիոնում նոր «սիրավեպ» սկսվեց՝ Թեհրանի ու Բաքվի մասնակցությամբ, «բուռն» ու «կրքոտ» սիրավեպ, արեւելյան կեղծավորությամբ ու ճոռոմաբանությամբ հագեցած, երբ դեմ առ դեմ ժպտում են, իսկ թիկունքի հետեւում մեկմեկու դեմ սուր ճոճում։ Դեռ ոտքը ադրբեջանական հողի վրա չդրած՝ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը «չափազանց ուրախ է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ազատագրել գրավյալ տարածքները»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ այս «ռեւերանսը» պատշաճ գնահատեց, հայտարարելով, որ «Ղարաբաղի վերականգնման ծրագրերն իրականացնելիս՝ իրանական ընկերությունները կունենան արտոնյալ պայմաններ եւ կներգրավվեն այդ ծրագրերում»- ասել է, թե իրանական բիզնեսը մի փոքր կկարողանա շնչել արդեն Ադրբեջանում։ Հետաքրքրական է, թե Երեւան ոտք դնելուց հետո Զարիֆն ինչ է հայտարարելու, կամ ընդհանրապես, արժի, որ նրան Հայաստանում ԱԳ նախարարության որեւէ երրորդական աշխատակցից բարձր մեկն ընդունի։

Ի վերջո թշնամական հայտարարություն անելը թշնամի պետության տարածքում, արդեն հիմք է դեմարշի, իսկ Երեւանն ունի խաղաքարտեր, հասկացնելու, որ սխալ է հին բարեկամին ուրանալը, այն դեպքում երբ տարիներ շարունակ, Իրանի կենսագործունեության հետ կապված «ինչ-ինչ մութ կետեր» նաեւ Երեւանի միջոցով է իրականացվել եւ Երեւանն է հայտարարել, որ Իրանի հետ հարաբերությունները եւ բաց սահմանները կարեւոր են երկկողմանի շրջափակման պայմաններում։