Սիրիայում բախումների հետևանքով կա շուրջ 70 զո...

Շուրջ 70 մարդ է զոհվել Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինվորականների միջև տեղի ունեցած «աննախադեպ» բախումների ժամանակ։ Այս տվյալները ներկայացրել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Ըստ Al-Hurra պարբերականի՝ զոհերի մեծամասնությունը սիրիական անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցներն են։ Բացի այդ, կան տասնյակ վիրավորներ ու պատանդներ։ 

Սիրիական SANA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարության ուժերը մտել են Լաթաքիա և Տարտուս քաղաքներ՝ աջակցելու Ասադի կողմնակից զինվորականների դեմ կռվող Անվտանգության վարչության ուժերին։ 

Սիրիայի անվտանգության վարչությունը հայտարարել է «վարչական կենտրոններում, մոտակա քաղաքներում և լեռնային շրջաններում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների «մաքրման» լայնածավալ գործողության մեկնարկի մասին»։ Կառավարական ուժերը խաղաղ բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին: Նախկին նախագահի կողմնակիցներին կոչ է արվել վայր դնել զենքերը։

Անվտանգության վարչությունը Լաթաքիա և Տարտուս քաղաքներում պարետային ժամ է սահմանել։

«Այսօր մենք գտնվում ենք մի վճռական փուլի շեմին, որը պահանջում է զգոնություն և կարգապահություն։ Թույլ չենք տալու որևէ կողմի կամ անհատի գործել պետության և օրենքի շրջանակներից դուրս, և Սիրիան կմնա ուժեղ ու միասնական», - հայտարարել է Անվտանգության վարչությունը։ 

Սիրիական բանակը մարտի 7-ի լուսադեմին մեծ ռազմական ուժեր է ուղարկել Լաթաքիա՝ հետ մղելու Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի հարձակումները: Նաև օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր՝ Լաթաքիայի գյուղերում նախկին  իշխանությունների կողմնակիցներին հետապնդելու համար։ Հայտարարվել է, որ Ասադի տասնյակ կողմնակիցներներ այժմ գտնվում են անվտանգության ուժերի ձեռքում:

Տեղեկություններ կան, որ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, գրավել են Լաթաքիա և Տարտուս նահանգների կենտրոնական շրջանները։

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ապօրինի խմբավորումների կատարած գործողությունները և նրանց կողմից անվտանգության ուժերի թիրախավորումը՝ հաստատելով իր աջակցությունը Սիրիայի կառավարությանը։