Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վերջին հայտարարությունը ճապոնացիների էթնոգենեզի մասին, բավական տարօրինակ էր, չասելու համար՝ ոչ տեղին եւ նաեւ՝ հղի տհաճ հետեւանքներով։
Հիշեցնենք, որ Սինանյանն իրեն այնքան հարազատ «Ազատության» եթերում հայտարարել է, որ բոլոր մեծ տերությունները զարգանում են այլ ազգերին իրենց մեջ բնակեցնելու եւ ուծացնելու միջոցով եւ չգիտես ինչու, հայոց պատմության մեջ Ուրարտուի արքա Արգիշտիի եւ Հայոց Տիգրան Մեծ արքայից արքայի օրինակներից հետո, ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ ճապոնացիները նույն չինացիների եւ կորեացիների խառնուրդն են, որ երկու հազար տարում ուծացվելով դառել են ճապոնացի։
Չենք խորանա ճապոնական էթնոգենեզի շերտերի մեջ, բայց եւ չենք կարող չարձանագրել, որ Չինաստանը, Ճապոնիան եւ Կորեան (խոսքը Հարավային Կորեայի մասին է) առանձնապես մեկմեկու հանդեպ ջերմ զգացումներ չեն տածում։ Այս համատեքստում որեւէ ճապոնացու համար վիրավորական կարող է համարվել, որ իր ծագումնաբանությունը կապվում է չինացիների հետ, իսկ որեւէ չինացու համար էլ, որ իրենց կապում են ճապոնացիների հետ։ Նույնպիսի ապրումներ ունեն նաեւ կորեացիները, որոնք արդեն իսկ իրենք իրենց մեջ որպես առանձին Հյուսիսային եւ Հարավային Կորեաներ խնդիրներ ունեն, որոնք գրեթե հասնում են մինչեւ էթնոգենեզ, քաղաքականության գործուն միջամտությամբ։
Այս ամենը նկատի առնելով, առնվազն տարօրինակ է, որ Զարեհ Սինանյանը, ում անմիջական պարտականությունը Սփյուռքի հարցերով զբաղվելն է, իր գործը թողած, խորամուխ է եղել իրեն չվերաբերող հարցերի մեջ, անելով հայտարարություններ, որոնք կարող են տհաճ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ իր խոսքերը եւ Տոկիոյում, եւ Պեկինում եւ Սեուլում կմեկնաբանվեն որպես պաշտոնական Երեւանի կարծիք, որպես Հայաստանի գործադիր իշխանության մաս կազմող երեւելի պաշտոնյայի կարծիք, իսկ հարաբերություններ ստվերել բարեկամ Չինաստանի կամ Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի հետ, չի բխում Հայաստանի շահերից։
Այստեղ կա երկու ընտրություն՝ կամ Զարեհ Սինանյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր պաշտոնեական պիտանելիության հարցը վաղուց պետք է դրվեր քննարկման, կամ, հաշվի առնելով, որ նա հայ լինելուց բացի նաեւ ամերիկացի է, անում է սա, ինչ-ինչ հարցերից ելնելով կամ գուցե՝ ինչ-ինչ շահեր սպասարկելով։
Անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ որն է եղել Սինանյանի հայտարարությունների դրդապատճառը՝ պարզ ոչ կոմպետենտությունից մինչեւ շահերի սպասարկում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մտածելու առիթ ունի իր կադրերի վիճակի եւ նրանց խոսքերի եւ գործողությունների պատճառով՝ Հայաստանի հեղինակությանը հնարավոր հարված հասցնելու հարցերի շուրջ։