Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը պետական այցով գտնվում է Սերբիայում, հայտարարել է, որ սատարում է Սերբիայի տարածքային ամբողջականությանը Կոսովոյի խնդրի շուրջ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ից, այս մասին նա ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ։

Իր հերթին Սերբիայի ղեկավարը հայտնել է, որ «իրենց մոտ որևէ խնդիր չի առաջանում, երբ հարցնում են Թայվանի մասին»։

«Մեր պատասխանները շատ պարզ են և համապատասխանում են Չինաստանի քաղաքականության և միջազգային իրավունքի սկզբունքներին», - ասել է նա։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վուչիչը հայտնել էր, որ «Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում ոչ մի կասկած չկա»։

Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել նոր դարաշրջանում երկու երկրների միջև ընդհանուր ապագային միտված համայնք կառուցելու շուրջ։ Ըստ Xinhua գործակալության՝ Սերբիան առաջին եվրոպական երկիրն է, որը նման համայնք է կառուցում Չինաստանի հետ։

Համատեղ հայտարարության մեջ երկու երկրները նաև որոշել են խորացնել Չինաստան-Սերբիա համապարփակ ռազմավարական գործընկերությունը։