Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես...

Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել է արբայնակային լուսանկարներ, որտեղ երևում է, որ եկեղեցին այլևս չկա։

«2023թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2024թ. ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի 177-ամյա տեսարժան վայր հանդիսացող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Ս. Հովհաննես Մկրտիչ) ավերվել է, ինչը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի որոշման ամենակոպիտ խախտումն է»,- գրում է կայքը։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը գտնվում է Շուշի քաղաքում՝ սարահարթի բարձրադիր՝ արևմտյան հատվածում, որտեղից տեսանելի է քաղաքի ամբողջ համայնապատկերը:

«Եկեղեցին և զանգակատունը կառուցվել են 1847 թվականին, որպես մի ամբողջական համալիր: Զանգակատան մուտքի վերնամասում, մուտքից աջ և ձախ երկու սրբատաշ` 1 և 2 թվերով համարակալված սալերի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «Կառուցին ս[ուր]բ Յովհան/[նէս] Մկրտչի եկեղեցին/ [Շու]շա քաղաքացի պ[արոն] Յովհաննէսն/ և :1:/ Բաբայն Ստեփանեան/ Յովնանենց` ի յիշատակ/ հանգուցե[ա]լ եղ[բ]որ իւրե[ա]նց/ Մկրտչին, 1847 թվին/ :2:»:

Եկեղեցին Կանաչ ժամ անունն ստացել է այն պատճառով, որ ժամանակին կառույցի գմբեթը եղել է կանաչ գույնի»,- եկեղեցու մասին պատմական ակնարկը monumentwatch.org կայքից։