Շտապօգնության մեքենայի վթարի և դրա հետևանքով...

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է անապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

«Շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով վարորդը և ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորը գիտակցության չգալով մահացել է»,–հայտնեցին ՔԿ–ից:

Ավելի վաղ հայտնի էր, որ այսօր վաղ առավոտյան Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: