
Politik.am-ն արդեն գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ սկսվել է քաղաքական հալածանք, որը դրսեւորվում է այս իշխանությունների սիրած գործելաոճով՝ քրեական գործ «կարելով»։
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Ավելի կոնկրետ, խոսքը չորս աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու մասին է, ինչպես նշում են նախկին մարզպետի փաստաբանները, հավելելով, որ ընդ որում, այդ չորս օրերի աշխատանքի չհաճախելու փաստի հետ կապված եւս սպառիչ պատասխաններ տրվել են։
Հետաքրքիր է, որ գործող իշխանությունները չորս օր աշխատանքի չհաճախելու հետ կապված ամպագոռգոռ հոդվածներով գործ է հարուցում, սակայն երկար ժամանակ չնկատելու էր տալիս, այն որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը իր աշխատանքային պարտականությունները չի իրականացնում, բայց շարունակում էր աշխատավարձ ստանալ:
Ինչպես մամուլը ամիսներ առաջ գրեց, Վահե Գրիգորյանը, ոչինչ չանելու համար ամսեկան ստանում էր 793,680 ՀՀ դրամ, իր չաշխատած ամիսների համար ստացել է 1,746,096 պարգեւավճար, 1180 լիտր բենզին՝ նրան հատկացված մեքենայի սպասարկման համար։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանի համար գերխնդիր չէ հանրային միջոցների արդյունավետ ծախսը (հատկապես, երբ Վահե Հակոբյանի դեպքում անգամ հանրային միջոցների ոչ արդյունավետ ծախսի մասին խոսք չկա), այլ կարևոր է, թե որքանով է պատրաստ մարդը սպասարկել գործող իշխանությունների շահերը: Մի դեպքում չեղած պատմությունից կարելի է քրեական գործ շինել, իսկ մյուս դեպքում ակնհայտ քրեական հանցագործությունը չնկատելու է տրվում, քանի որ ենթադրյալ հանցագործը Փաշինյանի սրտի Վահեն է: