
Մենք արդեն բազմիցս ենք առիթ ունեցել գրելու, որ չափազանց հետաքրքիր է Արցախում ձեւավորված քաղաքական կամ ավելի կոնկրետ՝ իշխանական կոնյուկտուրան եւ այդ համատեքստում՝ նախագահ Արայիկ Հարությունյան-ԱԽ քարտուղար Սամվել Բաբայան միասնությունը։ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ հակադիր բեւեռներում գտնվող եւ քարոզչական հնարքներով իրար ոչնչացնող այս թեկնածուները զարմանալիորեն կարողացել են միավորվել։ Այստեղ հետաքրքիր է, թե ինչի շուրջ են նրանք միավորվել, կամ ավելի լայն սպեկտրով վերցված ինչի շուրջ է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողացել լեզու գտնել Սամվել Բաբայանի հետ։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի գործող իշխանությունների թեկնածուն է ու այս առումով, Ղարաբաղյան կարգավորման հարցում չի կարող ունենալ Փաշինյանից տարբեր կամ Փաշինյանին հակառակ մոտեցում։ Պատահական չէ, որ նա նույնիսկ մեղադրվեց հող հանձնելու պատրաստակամության մեջ, ժամանակին։ Սամվել Բաբայանը, որը քիչ թե շատ անկախ դիրքերից էր հանդես գալիս, ունի չափազանց յուրահատուկ մոտեցում Ղարաբաղյան հարցում։ Իր հայտնի ելույթում նա առաջ է քաշել Ղարաբաղը ռուսական մանդատի ներքո դնելու թեզը։ Ըստ էության, հենց Ղարաբաղյան կարգավորումն էլ այն խաչմերուկն է, որտեղ հատվել են Սամվել Բաբայանի եւ Արայիկ Հարությունյանի ուղիները։ Ղարաբաղյան հարցի կարգավորման այն մոդելը, որը պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը չափազանց ցավոտ է եւ վստահաբար, գոնե հասարակության այն շերտի հետ, ովքեր կռվել են Ղարաբաղում, նա չափազանց խորը եւ սուր առճակատում է ունենալու, եթե սկսի իր պատկերացումները կյանքի կոչել։ Այս առումով նրան անհրաժեշտ է մեկը, ում կկարողանա օգտագործել ընդդեմ այդ կռված տղերքի եւ ով այդ կռված տղերքից մեկն է եղել ժամանակին։ Այս առումով Սամվել Բաբայանը հիանալի տարբերակ է։ Ուստի հասկանալի է, թե ինչու է Փաշինյանը նույնիսկ համաձայն, որ իր հովանուր ներքո գործող Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի մոտ նախագահ աշխատի։ Սակայն այստեղ մի նյուանս կա։ Սամվել Բաբայանն այլեւս չունի նախկին հեղինակությունը։ Բացի այդ, այդ հեղինակությունը չի էլ կարողանա օգնել, որովհետեւ Փաշինյանի պատկերացումը Ղարաբաղյան կարգավորման մասով, որը նաեւ Արայիկ Հարությունյանի պատկերացումն է, ըստ թիմային ժանրի կանոնների, լուրջ դիմադրության է արժանանալու, քանի որ այն պարտվողական կեցվածք է եւ չի բխում Հայ ժողովրդի շահերից։