Ռուսներն ու ուկրաինացիները լինելու են տարբեր...

ԱՄՆ-ն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում կկազմակերպի անուղղակի բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև,  ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելլոգը։

«Դրանք կլինեն անուղղակի քննարկումներ, այսինքն՝ մի խումբը կլինի այս սենյակում, մյուսը՝ այլ սենյակում: Իսկ նրանք (ամերիկացիները-Խմբ.) նստելու են, խոսելու, գնալու և հետ գալու, այսպիսի մաքոքային դիվանագիտություն (միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ մաքոքային դիվանգիտություն եզրույթն օգտագործվում է նկարագրելու համար երրորդ կողմի գործողությունները, որը հանդիսանում է միջնորդ հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի) է լինելու»,- պատմել է Քելլոգը։

ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էին, որ մարտի 24-ին Ռիադում նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան բանակցություններին կներկայացնի «տեխնիկական թիմ»։ Նախ՝ հանդիպում կլինի ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև, այնուհետև ամերիկացիները կհանդիպեն ռուսների հետ, ասաց նա՝ վկայակոչելով Վաշինգտոնի առաջարկը։

Զելենսկին պարզաբանել է, որ բանակցությունների թեման լինելու է էներգետիկ օբյեկտների հետ կապված զինադադարի հաստատումը։

Ռուսաստանը բանակցություններին կներկայացնեն Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի դադարեցման այլ «նյուանսներ» և «ասպեկտներ»։

Մարտի 11-ին Ջիդայում կայացել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների առաջին հանդիպումը։ Փետրվարի 18-ին Ռիադում կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը։