Ռուսական կողմի գնահատմամբ՝ Փաշինյանը գրեթե տա...

Վերջին երկու շաբաթների ընթացքում ռուսալեզու մամուլը բավական ընդարձակ կերպով անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի եւ ընտանիքի անդամների հետ կապված տարբեր պատմություններին, որոնք հիմնականում կոռուպցիոն գործարքների կամ մաքսանենգության հետ են կապված,կամ էլ գրեց հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ոչ այնքան դրական վիճակի մասին։

Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր նույնիսկ հայկական մեդիայում պտտվող լուրերին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը պապը, ում անունը նա կրում է, ժամանակին համագործակցել է նացիստների հետ, Հայրենականի տարիներին, թեեւ պաշտոնական Երեւանը այդ լուրերը հերքեց, եւ առանձին պատմագիտական հետազոտություններ էլ վկայում են, որ պարզապես նույնանուն անձանց հետ կապված շփոթ կա։ Ամեն դեպքում ուշագրավն այս դեպքում ոչ այնքան հրապարակումների 100 տոկսանոց հավաստիությունն է, որքան հրապարակումների փաստն ինքնին։

Ակնհայտ է, որ ռուսական մամուլը բավական ուշադիր հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ արձագանքում է դրանց կամ պատկերը ներկայացնում իր էջերում։ Իհարկե, կարելի է այդ ամենն անել որոշակիորեն գույները մեղմացնելով, սակայն այն, ինչպես դա արվում է այսօր, ակամա ցույց է տալիս, որ Մոսկվայում խորը դժգոհություն ունեն Երեւանի հանդեպ, կան լուրջ խնդիրներ կան, որոնք աստիճանաբար անհաղթահարելի դառնալու միտում են ձեռք բերում, գոնե այնքան ժամանակով, քանի դեռ Հայաստանում Փաշինյանի կաբինետն է իշխանության ղեկին։

Ռուսական կողմի գնահատմամբ, Փաշինյանը գրեթե տապալման անդունդի եզրին է, քանի որ Ռուսաստանին այլեւս չի կարող խաբել, եւ ռուսական կողմը հասկացել է, որ Փաշինյանը մտադիր է քայլելու Վրաստանի երբեմնի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ոտնահետքերով, եւ երկրորդ, Փաշինյանը նաեւ չի կարողանում իր հանձնառած պարտավորությունները ԱՄՆ կամ Արեւմուտքի առաջ կատարել, քանի որ հասկանում է, որ ամեն դեպքում Հայաստանի համար Ռուսաստանը չափազանց կարեւոր դաշնակից է, եթե չասենք՝ կենսականորեն անհրաժեշտ, երբ հաշվի ենք առնում Լեռնային Ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու Հայաստանի երկու հարեւաններին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնց համար Հայաստան պետության գոյության փաստն ինքնին մի իրականություն է, որի հետ հաշտվում են միայն այն բանի գիտակցմամբ, որ Հայաստանում կա ռուսական ռազմական ներկայություն։

Կրեմլն ըստ ամենայնի, իր փորձագիտական-վերլուծական հարթակների կամ մեդիա ռեստուրսների միջոցով հասկացնում է, որ սկսած Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերություններից մինչեւ հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետներ հանդիսացող անձանց հանդեպ հալածանքներ (որոնց շարքում հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի) վիրավորական են իր համար, եւ հիշեցնում է, որ Փաշինյանը նախքան Սահակաշվիլու ոտնահետքերով առաջ գնալը, այսինքն՝ Հայաստանը ռուսամետ գծից դուրս բերելն ու արեւմտամետ գիծ դրեյֆումը, թող չմոռանա, որ առկա է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործոնը եւ Ղարաբաղյան հարցը։

Մյուս կողմից էլ, հասկանալով այդ ամենի գերկարեւորությունը, Մոսկվան պարբերաբար այդ լծակների վրա սեղմում է, ինչպես արեց Լավրովը Գորչակովի հիմնադրամում օնլայն քննարկման ժամանակ բացահայտելով բացառիկ մանրամասներ Ղարաբաղյան հակամարտությունից։ Իրենց գնահատականներում ռուսները բավական իրատեսական են, քանի որ հասկանում են, որ Փաշինյանը հայտնվել է երկու կրակի արանքում եւ այս ընթացքով առաջ գնալու դեպքում կարող է իրապես կիսել Սահակաշվիլու ճակատագիրը։