Ռուս-թուրքական հարաբերությունները սրվում են․...

Վերջին շրջանում բավական հետաքրքիր մետամորֆոզներ են ի հայտ եկել Բաքվում, ադրբեջանական իշխանությունների մոտ, կապված Ղարաբաղյան ներկա իրադրության հետ վերաբերմունքում։ Իհարկե, դեռեւս ամեն ինչ սաղմնային փուլում է, սակայն որոշ հակառուսական նոտաներ նույնիսկ Իլհամ Ալիեւի հանրային ելույթներում արդեն նկատվում է։ Ու զարմանալիորեն այս մետամորֆոզները սկսեցին նկատվել այն ժամանակ, երբ ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի օգնական Ջորջ Քենթն հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը պետք է անհանգստացած լինի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ Բաքուն հարկ է, որ ակտիվորեն պայքարի այդ ներկայության դեմք։ Եթե դիվանագիտական լեզվիվ թարգմանենք, ապա Միացյալ Նահանգները պարզապես սադրում է Բաքվին մտնել հակառուսականության գծի մեջ։

Հայկական մեդիադաշտում իհարկե, սա ընկալվեց որպես ադրբեջանամետ կեցվածք, սակայն իրականում Ամերիկան ավելի հետաքրքիր խաղ է խաղում, քան կարելի է պատկերացնել, ու չունի խնդիր լինելու ադրբեջանամետ կամ հայամետ։ Ղարաբաղյան հակամարտությունը իր համար սովորական հակամարտություն է, ինչպես արաբա-իսրայելական հակամարտությունը, կիպրական հակամարտությունը։

Այլ է հարցը, որ ամերիկյան քաղաքական ղեկավարությունում ամենայն հավանականությամբ որոշում կա այս հակամարտությունը օգտագործել, ավելի ճիշտ՝ ներառել ԱՄՆ-Ռուսաստան գլոբալ առճակատման մեջ։ Ամերիկյան հաշվարկը բավական կանխատեսելի է ի դեպ, եւ նույնիսկ հաշվի են առնված հայերի հնարավոր դժգոհությունների կոմպենսացումը, օրինակ՝ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության օրվա հետ կապված Բայդենի կողմից ավանդական ելույթի ընթացքում «ցեղասպանություն» տերմինի օգտագործումով։

Փորձենք հասկանալ, թե որն է ամերիկյան հաշվարկն ուրեմն եւ դա ինչի կարող է բերել։ Ենթադրաբար, ամերիկյան քաղաքական վերնախավը որոշել է, որ նաեւ Ղարաբաղյան հարցում պետք է ներմուծի ռուս-ամերիկյան ընդհանուր առճակատմանն հատուկ էլեմենտներ։

Ինչ որ պահի, գոնե մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միակ հարթակն էր, որտեղ ռուս-ամերիկյան համագործակցային տրամադրություններ կային, չնայած վերջին շրջանում նախապատերազմական ընթացքի, արդեն գեոպոլիտիկան արձագանքվում էր նաեւ այստեղ։ Այդ առճակատումը ենթադրում է ռուսական ազդեցության սահմանափակում։ Իսկ ռուսական ազդեցության կրողները ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն են։ Հետեւաբար, Վաշինգտոնը Բաքվին տրամադրում է խաղաղապահների դեմ։

Շատ հետաքրքիր է, որ այս Քենթի այս հայտարարությունը կարծես թե եղավ Շուշիում «Իսկանդեր Մ»-ի պայթած հրթիռի մնացորդների հայտնաբերման հետ շատ մոտ ժամանակամիջոցում, որով Բաքուն կարծես թե ուզում է ուղղակի խնդիր ստեղծել իր եւ Մոսկվայի հարաբերություններում։ Երեկ էլ, «Նոր Հայացք Հարավային Կովկասին» կոնֆերանսի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական կոշտ արտահայտություններ արեց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցեագրված էին Ռուսաստանին։

Կրեմլում դեռ խիստ կոռեկտ են մոտենում այս ամենին, սակայն Բաքվին նաեւ որոշակի մեսիջներ ուղարկվում են օրինակ՝ ռուս-թուրքական ավիահաղորդակցության ժամանակավորապես՝ ապրիլի 15-հունիսի 1-ը դադարեցման որոշմամբ, որը շոկի մեջ է գցել թուրքական տուրիստական բիզնեսին։ Այլ կերպ ասած, Մոսկվան հիմա համբերում է, բայց եւ ունեցած լծակներով խփում է «ոմանց թույլ տեղերին» եւ հասկացնում «մյուսներին», որ շատ չոգեւորվեն օվկիանոսի մյուս կողմից արված սադրանքներին տրվելիս։ Պատահական չէ, որ որոշ ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ արդեն խոսում են այն մասին, որ իրականում Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի գինը Ադրբեջանը դեռ նոր է վճարելու։