Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում ան...

Միացյալ Նահանգները շարունակում է առավելագույն սեւեռված ուշադրությամբ հետեւել Ղարաբաղյան զարգացումներին։ Խնդիրը, սակայն, ըստ ամենայնի, ոչ այնքան հակամարտության կարգավորմամբ հետաքրքրվածությունն է, անկախ այն հանգամանքից, որ այդ մասին ամկեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարվում է, որքան Ղարաբաղյան հակամարտությունը աշխարհաքաղաքական առճակատումների լույսով դիտարկելով, այնտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի առկայությանը խանդով վերաբերվելը։

Հասկանալի է, որ նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարությունից հետո Արեւմտյան մամուլում շրջանառվող թեզերը, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթեց Ռուսաստանն իր դիրքերը Հարավային Կովկասում ամրացնելու համար, պատահական չեն։ Դրանք թեզեր են, որոնցով մտածում են արեւմտյան վերլուծաբանները, քաղաքական շրջանակները եւ գուցե նաեւ՝ որոշումներ կայացնողները։ Միացյալ Նահանգների համար ռուսական խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում նշանակում է մի պարզ բան՝ ռուսական զորքի առկայություն Ադրբեջանում /անկախ ամեն ինչից, հիշենք, միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է/, ինչն իր հերթին նշանակում է ածխաջրածնային վառելիքային խոշոր պաշարներ ունեցող Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների էլ ավելի սերտացում, հատկապես, երբ դրա տենդենցը նկատվեց Մինսկի խմբի համանախագահների վերջին ռեգիոնալ այցի ժամանակ, երբ Իլհամ Ալիեւը չափազանց սառը ընդունեց համանախագահներ Վիսկոնտիին եւ Շոֆերին։

Այս համատեքստում հետաքրքիր է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերի հայտարարությունն այն մասին, որ այնտեղ, որտեղ կա ռուսական ռազմական ներկայություն, առկա է ապակայունացման ռիսկ եւ մարտահրավեր բոլոր պետություններին ու կողմերին, որոնք այդտեղ տեղի ունեցողին մասնակից են։ Ըստ էության, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ակնարկում է նաեւ, որ Ադրբեջանը եւս կանգնած է լուրջ վտանգի առաջ, կորցնելու օրինակ իր սուվերենիտետը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մայքլ Ռուբինը՝ ասելով, որ Ալիեւը հանուն սեփական իշխանությունը պահելու՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը վաճառել է Ռուսաստանին եւ Թուրքիային։ Հարցն այլ է, թե ինչ է պատրաստվում անել Միացյալ Նահանգները՝ Ադրբեջանում ռուսական ազդեցության աճին հակազդելու համար։