Ռուբեն Վարդանյանը ներդրում է կատարել ծանոթութ...

Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը դարձել է iris Dating ծանոթությունների ամերիկյան ծառայության բաժնետեր: Վարդանյանն ու iris Dating-ի ներկայացուցիչը հաստատել են այս տեղեկությունը, հայտնում է Forbes-ը:

Վարդանյանի խոսքով՝ ինքը նախագծի մեջ փող է ներդրել ներդրողների կոնսորցիումի հետ միասին: Բիզնեսմենը չի հայտնել նախագծում ստացած իր բաժնի մասին, բայց նշել է, որ այն զգալի է: «Սա հրեշտակային ներդրում է»,- ասել է ձեռնարկատերը: Նրան iris Dating է գրավել մեթչինգի (զույգերի համընկնում) բարձր մակարդակը, որը մյուս դեյթինգային ծառայությունների համեմատությամբ 5-6 անգամ ավելի է կանանց դեպքում եւ 2,5-3 անգամ ավելի տղամարդկանց դեպքում: Ձեռնարկատերը iris Dating-ն անվանել է «հեռանկարային նախագիծ»:

iris Dating-ը ստեղծելու գաղափարը հայտնվել է ավելի քան 3 տարի առաջ, Forbes-ին հայտնել է ծառայության մարքեթինգի հարցերով տնօրեն Ալեքսեյ Շելեստենկոն: Մշակողները մոտ 2 տարի ստեղծում էին ալգորիթմը եւ բուն հավելվածը, նշել է նա:

Մրցակիցներից iris Dating-ը տարբերվում է այն հանգամանքով, որ հավելվածը արհեստական ինտելեկտն օգտագործում է, որ հասկանա յուրաքանչյուր օգտատիրոջ անհատական վիզուալ նախապատվությունները: ԱԻ-ն ինքն է որոշում, թե կոնկրետ մարդուն ինչն է հետաքրքրում եւ փորձում է գտնել այն լուսանկարը, որում օգտատիրոջը դուր կգան առավելագույն թվով պարամետրեր, հավելվածի աշխատանքի մեխանիզմն է պարզաբանում Շելեստենկոն: «Մարդը հարյուր հազարավոր պրոֆիլներ թերթելու կարիք չունի. նա անմիջապես տեսնում է նրանց, որոնք պետք է իրեն դուր գան: Դեյթինգային ծառայություններում կանանց միջինը դուր են գալիս տղամարդկանց պրոֆիլների 3-5 տոկոսը, որոնք նրանք տեսնում են, քանի որ ակաունտները պատահականորեն են ընտրվում: Իսկ մեր ալգորիթմը հասկանում է, թե կոնկրետ ով դուր կգա կնոջը, ուստի iris-ում աղջիկները միջինը լայք են դնում յուրաքանչյուր երրորդ պրոֆիլին, որոնք հավելվածն առաջարկում է»,- հավելել է Շելեստենկոն: Նա հրաժարվել է բացահայտել նախագծում կատարված ներդրումների չափը, օգտատերերի եւ բաժնետերերի թիվը: