Ռուբեն Վարդանյանի մանկության գունագեղ երազանք...

Հետպատերազմական ներկայիս խառնակ շրջանում,  բոլորը, ովքեր ունեն խոշոր դրամական միջոցներ ու մարդկային ռեստուրսներ, կապեր եւ որոշակի լծակներ, փորձում են ամեն կերպ  տեղ ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։

Մասնագետները գուցե սա համարեն հետպատերազմական սինդրոմ, գուցե համարեն հարստացած եւ քաղաքական հավակնություններ ունեցողների մանկության երազանքի իրականացման մարմաջ, սակայն փաստ է այն, որ երեւույթը կա եւ այժմ էլ հայաստանյան մեր իրականության մեջ ծաղկում է։

Այս ֆոնին բավական ուշագրավ է գործարար Ռուբեն Վարդանյանի ակտիվացումը, որով նա կարծես թե փորձում է հետ չմնալ ընդհանուր «թրենդից» եւ իր տեղն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։ Ու եթե հավատանք մամուլում հայտնված հրապարակումներին, հենց Ռուբեն Վարդանյանն է կանգնած «Ապրելու երկիր» կուսակցության հետեւում եւ փորձում է այս քաղաքական ուժը օգտագործել որպես հարթակ ներքաղաքական դաշտում դիրքավորվելու համար։

Պատահական չէ, որ «Ապրելու երկիրը» հատկապես ակտիվ  մասնակցում է Դիլիջանում սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Ինչպես գիտենք Դիլիջանում Ռուբեն Վարդանյանն ունի մի քանի բիզնես ծրագրեր եւ դրանց շնորհիվ կարող է նաեւ քաղաքական դիվիդենդներ շահել։

Հետաքրքրական է նաեւ այն, որ Ռուբեն Վարդանյանը երբեք չի քննադատել գործող իշխանություններին եւ բոլոր իշխանությունների օրոք, որոնք եղել են Հայաստանում եւ որոնց հետ նա առնչվել է, այդ չքննադատելով պայմանավորված, բավական հարմար դիրք է բռնել, ստեղծելով որոշակի կոմֆորտ գոտի իր համար։

Նույն կերպ նա նաեւ հիմա է վարվում եւ նույնիսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո նա չի քննադատում Հայաստանի այժմյան գործող իշխանություններին եւ քննադատության թիրախ է դարձնում նախկիններին։ Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ նա Հայաստանի քաղաքական դաշտում ունի որոշակի հավակնություններ, ձգտում է բարձր պաշտոններ զբաղեցնել, օրինակ նախարարի կամ նույնիսկ վարչապետի։

Սակայն այստեղ նրա համար մտահոգիչը թերեւս այն է, որ ունենալով քաղաքացիության խնդիր նման պաշտոնների հանդեպ հավակնությունները խնդրահարույց կարող են լինել։ Կարծում ենք հենց այս մտահոգությունից ելնելով է, որ Վարդանյանը վերջերս սկսել է դժգոհել օրենքով սահմանված այն սահմանափակումներից, որոնք արգելում են այլ երկրի քաղաքացիներին բարձր և ընտրովի պաշտոններ զբաղեցնել։ Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանն էլ իր բոլոր նախագծերի իրական նպատակներն աստիճանաբար «պարզաջրում» է, լծված լինելով իր մանկության գունագեղ երազանքի իրականացմանը, այն է՝ բարձր պաշտոն ունենալուն։ Ու ի վերջո ոչ թե ինքը կփորձի հաճոյանալ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այլ իրեն արդեն կհաճոյանան։