Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ...

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մետյու Պետիտը։

Կողմերը նախ անդրադարձել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությանը։

Շրջակա միջավայրի նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2000 թվականին: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի ծառայությունները բարելավելու գործընթացում՝ նպաստելով Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականությանը կլիմայի փոփոխության ազդեցություններին և բարձրացնելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։

Բնապահպանական գերատեսչության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության համագործակցության արդյունքում 2000թ.-ից սկսած՝ ջրերի կառավարման բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրերի իրականացման շրջանակներում։

Նախարար Պետրոսյանն ու դեսպան Թրեյսին քննարկել են նաև 2015թ. մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար։