ՌԴ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը բ...

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր եւ չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների: Համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը եւ արտգործնախարարությունը պլան կմշակեն` քաղաքացիներին արտերկրից դուրս բերելու համար` պաշտպանության նախարարության եւ քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռների ներգրավմամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տրանսպորտի նախարարությանը եւ «Ռոսավիացիա»-ին հանձնարարել է կազմակերպել մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից: