Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությու...

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել  Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հրապարակած  Requiem/8-ը սկսում է 2015-ին Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ու Հայ առաքելասկան եկեղեցու Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպս Մուրադյանի հանդիպման մասին պատմությամբ։

«Դուք պետք է տեսնեիք, թե ինչքան ուրախացավ Ֆրանցիսկոս Պապը, երբ մարդկանց մեջ տեսավ Գիսակ Սրբազանին։ Դուք պետք է տեսնեիք մարդկանց պլշած աչքերը, որոնք նայում էին, թե ով է այն մարդը, որին տեսնելով Հռոմի Պապը, գոռաց «իմ ընկեր» ու գրկախառնվեց։ Կանցնեն տարիներ, և հույս ունեմ, որ մենք բոլորս կիմանանք, թե ինչ դեր ունի Գիսակ Սրբազանը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում»,- նշեց նա։

Միքայել Մինասյանը շնորհակալությունն ու խոնարհումը հայտնեց Արգենտինայի հայ համայնքին ահռելի աշխատանքի համար, որ նրանք արել են բոլորիս համար, կանցնեն տարիներ, գրքեր կգրվեն մեր համայնքների ու կազմակերպությունների մասին։

Նրա խոսքով, Թուրքիան ունի գործակալական ցանց, որոնք պետք է աշխատեն Հայաստանում ի շահ Թուրքիայի։

«Եվ ես այսօր անելու եմ մեր հանդիպումների երևի թե ամենամեծ կամ ամենատխուր բացահայտումներից մեկը։ Ես ձեզ ասելու եմ, թե ով է ամենաբարձր պաշտոնյան, որը հանդիսանում է Թուրքիայի և ոչ միայն գործակալ։

Հայաստանի հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է»,- նշեց Մինասյանը։

Միքայել Մինասյանը նախ անդրադառնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը, այնուհետև նշում, որ եթե Հայաստանը ջանքեր էր ներդնում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա թշնամի պետությունը պետք է հակաջանքեր դներ:

«Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Նա հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում. Իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և «խոստումնալից» երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն»,-ասաց Միքայել Մինասյանը:

 Նա հայտնեց, որ կարճ ժամանակ անց այդ նույն երիտասարդը հայտնվում է ՀՀ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ դնելով փաստերն ու ապացույցները. «ԱԱԾ-ում նրան ասում են՝ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի ագենտ»:

Ինչ վերաբերում է այդ անձին, ապա Միքայել Մինասյանն ասում է, որ ապահովում էին նրա բարեկեցությունն ու կարիերան:

«Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այո, որովհետև երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,-ասաց Միքայել Մինասյանը:

Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին. «Ես այս նամակը կհրապարակեմ նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատեք այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինն է, թե ոչ»:

Միքայել Մինասյանը, ընթերցելով այդ նամակը, հայտնեց՝ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: