Քոչարյանին ազատազրկելու գործի հետևում կանգնած...

Երեկ՝ մարտի 26-ին, Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը:

«ՀՀ ՍԴ-ն, քննելով դիմումները, որոշեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Որոշման հրապարակումն, ինչպես և սպասելի էր, մեծ իրարանցում առաջացրեց: Այն առաջին հերթին սպասելի էր տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, ովքեր տարբեր ժամանակներ և տարբեր ֆորմատներով պայքարել էին նախագահ Քոչարյանի ազատության համար և վստահ էին, որ 2008 թվականին տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում չէր:

Երեկվա որոշումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար և ինչ-որ իմաստով անսպասելի էր, որ իշխանական պատգամավորներն առաջին անգամ խոհեմություն ունեցան ու չփորձեցին թիրախավորել Սահմանադրական դատարանը: Ըստ էության, նրանք էլ ընդունում են, որ ճշմարտությանը հաղթել չի լինի, և չեն փորձում ավելորդ անգամ հանրության գրգռել:

ՍԴ որոշումը նաև հնարավորություն տվեց հասկանալու, թե ովքեր էին իրականում կանգնած նախագահ Քոչարյանին անազատության մեջ պահելու գաղափարի հետևում: Որոշման հրապարակումից հետո համացանց և իրենց պատկանող մեդիա հարթակներ նետվեցին սորոսականները, որոնք մեղադրում էին իշխանություններին հնազանդ ՍԴ ձևավորել չկարողանալու մեջ, ինչը, ըստ նրանց, հնարավորություն տվեց նախագահ Քոչարյանին հերթական հաղթանակն արձանագրել: Կատարվածը հետաքրքիր լյուստրացիա էր: Ըստ էության, սորոսականներն ընդունեցին, որ իրենք են եղել այս գործի պատվիրատուները և հիմա դժոհ են, որ պատվերն ամբողջությամբ չի կատարվել: Նրանցից ոմանք շարունակում են իշխանություններին նոր ճանապարհներ ցույց տալ, որը, ըստ նրանց, պետք է հնարավորություն տա կրկին ազատազրկելու Արցախն ազատագրած նախագահին:

Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող գրանտակերների համար կարևոր է, որպեսզի Արցախը հետ բերելու տեսական հնարավորություն անգամ չլինի, իսկ Քոչարյանի ազատության մեջ լինելը կարող է խաթարել նրանց պլանը։ Ու իրենց այս կեցվածքն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Ալիևի մտերիմ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մարդասիրական կամ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով չէր այստեղ միլիոններ ծախսում: Այդ գումարները ծախսվում էին, որպեսզի Հայաստանն ունենա իշխանություն, որը շատ հանգիստ կհանձնի Արցախն Ադրբեջանին, իսկ երբ հանձնելու գործընթացը սկսի, դրան խանգարելու կարողություն ունեցող պետական այրերի ու զինվորականների ձեռքերը կապված լինեն: Մարտի 1-ի գործը վկա: