Քոչարյանի հարցազրույցը անհանգստացրել է Փաշինյ...

Երեկ երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով։ Նախագահը պատասխանում էր երեք հեռուստաընկերությունների լուրերի բաժնի ղեկավարների հարցերին։ Այս հարցազրույցը կրկին իրենց բնական տեսքով հանրությանը ներկայացրեց Քոչարյանին և Փաշինյանին։

Ինչպես և սպասելի էր ելույթը բովանդակային էր։ Մի կողմ թողնելով հարցազրույցում հնչած պատասխանների, առաջ քաշված թեզերի բովանդակությանը, որոնց մենք դեռ կհասցնենք անդրադառնալ, խոսենք հարցազրույցի որակի մասին։

Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ էր, ինչպես լինում են ինքնավստահություն և մեծ փորձ ունեցող առաջնորդները։ Խոսքից ակնհայտ էր, որ լավ է պատկերացնում աշխարահաքաղաքական և տնտեսական զարգացումները, սպասվող փոփոխությունները և այս համատեքստում Հայաստանի Հանրապետության անելիքները։

Չնայած իր, իր ընտանիքի անդամների և ընկերների նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ նախագահ Քոչարյանի խոսքից բացակայում էր չարությունը։ Նա դառնացած չէր ու հստակ երևում էր,  թե ի՞նչ է ուզում և գիտի դրան հասնելու ճանապարհը։ Ինչպես վայել է երկրի ղեկավարին նրա խոսքում չկար անձնական թիրախավորված գնահատականներ այսօրվա իշխանության ներկայացուցիչների և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նախագահ Քոչարյանը նրանց իր թշնամիները չի համարում, այլ կարծում է, որ նրանք վնասում են Հայաստանի շահերին ու պետք է հեռանան իշխանությունից։ Ըստ էության Քոչարյանն իր բնական կերպարով շատ հանգիստ խոսեց ժողովրդի հետ, որի նախագահն է եղել շուրջ 10 տարի։

Նախագահ Քոչարյանի հանգստությունը, ըստ էության խիստ անհանգստացրել էր վարչապետ Փաշինյանին։ Հարցազրույցի եթեր գնալուց կարճ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում սպառնում էր վարչական պատասխանատվության ենթարկել բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնց եթերում առանց դիմակի հաղորդումներ եթեր կգնան (նախագահի հարցազրույցն առանց դիմակի էր)։

Փաստորեն երկրորդ նախագահ Քոչարյանի հարցազրույցը ստիպել է, որպեսզի վարչապետ Փաշինյանն էլ հայտնվի իր բնական վիճակում՝  նեղացած մարդու վիճակում։ Ու հենց Փաշինյանի մեջ արդնացած կամ գուցե երբեք էլ չքնած «նեղացած մարդն» էլ ստիպել է ոստիկանությանը սպառնալ իր հիմնական ընդդիմախոսի հարցազրույցը հեռարձակած հեռուստաընկերություններին։