Քոչարյան Անդոն չի տիրապետում իրավիճակին կամ ո...

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Այս գրառման արդյունքում երկու հարց է առաջանում։ Առաջին, թե որտեղից Բաբաջանյանի թիմակցին «Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն»։ Երկրորդ․ երբ է պատրաստվում ԱԱԾ-ն հայտարարության հեղինակին և նրա բարեկամին հրավիրել բացատրություն տալու։  Սա հանցագործության մասին հաղորդում է, որն անպայման պետք է ուսումնասիրվի, եթե իհարկե սա իշխանության պատվերով չի դաշտ նետվում։

Խնդրի կապակցությամբ այսօր իր մտահոգությունն էր ահյտնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում: Ավելին, տվյալ անձը հանրայնացրել է այդ տեղեկությունները:

Հրավիրում եմ ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ ԱԺ խորհրդի, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ուշադրությունը սույն փաստին՝ պարզելու, արդյո՞ք տեղի է ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսք ՀՀ Ազգային ժողովից, ի՞նչ ճանապարհով, և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ մեղավոր(ներ)ին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար՝ նման դեպքերի հետագա կրկնությունը բացառելու նպատակով»:
Մեր հոդվածում տեղ գտած մտահոգությունների մասով այսօր լրագրողները փորձել էին ստանալ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը։ Հանձնաժողովի նախագահը ի պատասխան լրագրողի հարցին ասել է, եթե պարզվի, որ Գարիկ Ղազարյանը տիրապետում է գաղտնի արձանագրության, ապա մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն․«Ինչ որ բայղուշ է ֆբ ում պտտվում ու ասում՝ նայեք, թաքցնում են իրողությունները՝ ես ինչ անեմ»․-ասել է Քոչարյանը։
Հետաքրքիր է, որ  Անդրանիկ Քոչարյանը խուսափում է պատասխանատվություն ստանձնել։ Ի վերջո տպավորություն է, որ իր ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստատթղթերը կարող են հայտնվել պատահական մարդկանց տրամադրության տակ։ Առնվազն տաօրինակ է, երբ իր ղեկավարած կառույցից արտահոսած տեղեկատվության աղբյուրին նա առաջարկում է, որպեսզի լրագրողները գտնեն։ Տարօրինակ է հատկապես այն ֆոնին, երբ հիշում ենք, որ նա փայլուն հարաբերություններ ունի Գարիկ Ղազարյանի անմիջական ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։