ՔՈ-ն կասկածի տակ է դնում առաջին հերթին գործող...

Մինչև երեկ վստահ եմ եղել, որ հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը օրինական խորհրդարանական ընտրությունների անցկացումն է եղել։

Ճիշտն ասած՝ հիմա էլ եմ համոզված, որովհետև այդ ընտրությունների արդյունքներն ընդունվել են ոչ միայն դրանց մասնակցած կուսակցությունների, այլ նաև՝ հասարակության կողմից։ Պակաս կարևոր չէ այն, որ 2018-ի ընտրություններին բարձր գնահատական են տվել նաև միջազգային դիտորդները և որևէ մեկը դրանում կասկած հայտնել դարձյալ չի կարող։ Մի խոսքով՝ ընտրությունները լեգիտիմ են եղել ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ դրանից հետո իշխանությունների վարկանիշն անկում ապրեց։ Սակայն սա միանգամայն այլ խոսակցության թեմա է ու կապ չունի ընտրությունների լեգիտիմության հետ։

Ինձ երեկ անկեղծորեն զարմացրեց ՔՈ ՍԴԿ կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանն է «օլիգարխ Ծառուկյանին Ազգային ժողով տարել»։ Որպես իրավաբան՝ ուղղակի զարմացած եմ, որ նման իրավական ընթացակարգ էլ գոյություն ունի, իսկ գուցե ունի՞ ու ես դրա մասին չգիտեմ։

Նախ՝ ՔՈ-ն մասնակցել է ընտրություններին ու չի բողոքարկել դրանց արդյունքները, նշանակում է՝ ընդունել է իր մի քանի հազար ձայնն ու պարտությունը և մյուսների, այդ թվում՝ ԲՀԿ-ի օրինական հաղթանակը։ Երկրորդ, այսօր Հայաստանում «օլիգարխիա» հասկացությունը կարծես տրասֆորմացվել է և կատարվել է դերերի վերաբաշխում այդ համատեքստում և հարցականի տակ է, թե ով է այսօր օլիգարխիայի դերում։

Երրորդ, ԲՀԿ-ն խորհրդարանական բորլոր ընտրություններում ստացել է մեծ թվով ձայներ՝ մշտապես լինելով խորհրդարանական երկրորդ ուժ, և դրա համար պարտական է ոչ թե այս կամ այն իշխանությանը, այլ՝ բացառապես ժողովրդին։ Չորրորդ, զարմանալի է, որ իրեն հեղափոխական համարող ՔՈ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է կոռուպցիայի ու ընտրակեղծարարության մեջ, մի օր էլ գուցե պնդի, որ Հայաստանում հեղափոխություն առհասարակ չի եղել։

Սակայն այս հարցը առավելապես պետք է հուզի Նիկոլ Փաշինյանին, որովհետև այս հայտարարություններով ՔՈ-ն կասկածի տակ է դնում առաջին հերթին գործող վարչապետի լեգիտիմությունը, մնացածը թողնում եմ գործող իշխանության դատին․․․․․․

Լիլիթ Սիլանյան