
Արագածոտնի մարզի Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանի հետ։
Քասախի բնակիչները պարբերաբար փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները դա թույլ չեն տալիս։
Նույն խնդրով օրերս բողոքի ակցիա էին իրականացնում նաև Պռոշյան գյուղի բնակիչները։ Նրանք էլ պահանջում էին պահպանել թիվ 25 երթուղին՝ Երևանի հետ իրենց կապը ապահովելու համար։
Վարչապետի աշխատակազմի, ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպել են Քասախի և Պռոշյանի բնակիչների հետ։
Այդ հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանի հետ, չի պահպանվի։
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Ներդրվող նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Նոր երթուղին Պռոշյան և Քասախ համայնքներից կհասնի մինչև Երևանի Աջափնյակ վարչական շրջան։
Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։