Պուտինը հասկացրեց, որ մերժում է Փաշինյանին. Մ...

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բարձր մակարդակով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումն իհարկե, դեռ կքննարկվի եւ կվերլուծվի դետալ առ դետալ, սակայն եթե բոլոր դետալները դնենք մի կողմ եւ այցը զուտ որպես քաղաքական-դիվանագիտական միջոցառում դիտարկենք, ապա այն գոնե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար պետք է համարել տապալված ի սկզբանե։

Ու խնդիրը ոչ թե այն է, որ այցի առնչությամբ դրված խնդիրները, այն է՝ գերիների վերադարձի հարցը նա լուծել չկարողացավ եւ ձախողեց եւս մեկ հնարավորություն, այն դեպքում, երբ ի սկզբանե հայտարարել էր, որ իր նպատակը դա է։ Այն, որ Ռուսաստանից բժիշկներ են գալիս ու հետազոտում Նիկոլ Փաշինյանին, արդեն խոսում է այն մասին, որ չկա վստահություն նրա հանդեպ, ավելին, չկա հարգանք նաեւ նրա խոսքի հանդեպ։

Իհարկե նույն բանը կարելի է ասել նաեւ Ադրբեջանի նախագահի մասով, բայց գոնե Նիկոլ Փաշինյանի թիմում պետք է այնքան խելք ունենային, որ ոչ թե հերքեին որ Մոսկվայից բժիշկներ են եկել ու հետազոտել Փաշինյանին, այլ դա ներկայացնեին որպես արարողակարգային արտակարգ միջոցառում, համավարակով պայմանավորված։ Հիշեցնենք, որ երբ այս մասին լուրը տարածվեց, Մանե Գեւորգյանը խրոխտաբար հայտարարեց, որ «Ոչ մի օտարազգի բժիշկ վարչապետին չի հետազոտել», մինչդեռ մի քանի օր անց արդեն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր դա «Կոմերսանտին» տված մեկնաբանությունում, ասելով, որ այո, «Մոսկվա այցից առաջ ռուս բժիշկներ են այցելել Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին»: Պեսկովը հայտնել է նաեւ , որ «բժիշկների մի խումբ էլ մեկնել է Բաքու՝ Ալիևին այցելելու համար՝ չնշելով, թե ինչ նպատակով են բժիշկներն այցելել Երևան ու Բաքու»։

Այցը տապալված էր նաեւ համայնքային առումով։ Դեռ երբեք այլ երկրի հայ համայնքը նման մերժողական կեցվածք չէր ունեցել Հայաստանի ղեկավարի հանդեպ։ Նրա դեմ Մոսկվայում բողոքի ակցիաներ իրականացվեցին։ Ինքնին այդ ակցիաների իրականացման փաստը այնքան խոսուն էր Հայաստանի վարչապետի հանդեպ վերաբերմունքի մասով, որ նույնիսկ սորոսական Արթուր Սաքունցը հայտարարեց, որ եթե օրինակ Փաշինյանը Ռուսաստանում ընդունված գործիչ լիներ, նրա դեմ ակցիաները չէին լինի, իսկ Արա Աբրահամյանն էլ հիմա ձերբակալված կլիներ։

«Փաշինյանի դեմ ակցիան իրականացվել է մի պետությունում, որտեղ անգամ 1 անձի կողմից ակցիաները շատ կոշտ կասեցվում են, իսկ ակցիա կատարողը բերման է ենթարկվում»,- արձանագրում է Սաքունցը, իհարկե, ամեն ինչ ներկայացնելով հակառուսականության «սոուսով»։

Սակայն նույնիսկ այս դեպքում, արձանագրումը խոսում է այն մասին, որ իշխանական քարոզչամեքենայի կեղծիքները, թե Փաշինյանը Ռուսաստանում ընդունված է, կրկին բացահայտվեցին, դրանց հեղինակներին դնելով ծիծաղելի դրության մեջ։

Ի դեպ, երբ 2018-ին Փաշինյանի օգտին Ռուսաստանում ցույցեր էին կազմակերպվում, դրանք կասեցվում էին խստորեն եւ նույնիսկ եղան ձերբակալվածներ, իսկ այս դեպքում ռուսական իշխանությունների եւ իրավապահների վերաբերմունքը այլ էր, եւ որեւէ մեկը բերման չենթարկվեց, կամ չձերբակալվեց։ Իսկ դա, Ռուսաստանի նման պետությունում, շատ բանի մաիսն է խոսում։

Դժվար է պատկերացնել, որ այլ պարագայում նման նվաստացնող գործողություններ կարվեին, ինչպես օրինակ մորուքը սափրելու պարտադրանքն է եղել ռուսների կողմից, ըստ տելեգրամյան ալիքների, այն պատճառաբանությամբ, որ մորուքը միկրոբներ կարող է պարունակել։