Ռուսաստանի նախագահը ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչեւին շնորհել է բանակի գեներալի զինվորական կոչում։ Համապատասխան հրամանագիրը արդեն հրապարակված կա իրավական տեղեկատվության ցանցային պորտալում։ Ռուսաստանում ներկայումս ծառայության մեջ է գտնվում ինը բանակի գեներալ՝ Պնախարար Սերգեյ Շոյգուն, նրա տեղակալներ Պավել Պոպովն ու Դմիտրի Բուլգակովը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, նրա առաջին տեղակալ Սերգեյ Միրնովը, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը եւ Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։
Ռուսական պետական ավանդույթն այս առումով բավական հետաքրքիր է։ Ուժային բոլոր կառույցները ղեկավարում են բանակի գեներալներ, ինչը ռուսական պետական ավանդույթն է։ Բացառությունը թերեւս ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւն է, ով թեեւ չունի բանակի գեներալի զինվորական կոչում, սակայն կրում է ոստիկանության գեներալի հատուկ կոչում, որը համարժեք է բանակի գեներալին։
Ռուսական մեդիատիրույթում այս աստիճանաշնորհումը բավական հետաքրքիր տեսակետների առիթ է տվել, հատկապես, որ Զինչեւի նախորդը առանց այդ բարձրագույն զինվորական կոչման էլ «յոլա» է գնացել։ Շրջանառվող կարծիքների համաձայն, Պուտինը ուժեղացնում է իշխանական համակարգի ուժային թեւը։ Ընդ որում, Զինիչեւը իր կարիերան սկսել է Ռուսաստանի նախագահի անվտանգության համակարգում եւ սա է նաեւ պատճառը, որ ԱԻՆ եւ Կրեմլի միջեւ փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում։
Ի դեպ, նույնն է նաեւ Զոլոտովի պարագան։ Վերլուծաբանները նկատում են, որ Պուտինը ամրացնում է հատկապես իր շրջապատի ուժայիններին, ստեղծելով յուրատեսակ հրամանատարական թիմ։ Սա Ռուսաստանի պես պետության համար կարեւոր է․ իհարկե նախկինում էլ այդ թիմը կար, սակայն այնտեղ մարդիկ էին, որոնք կյանքի տարբեր ուղիներ էին անցել, ու այն աստիճան սերտ համատեղելի չէին ինչպես հիմա։