Պուտինն ու Մերկելը քննարկել են Դոնբասում տիրո...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որոնք նպատակաուղղված կերպով սրում են Դոնբասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ներուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով կարծիքներ փոխանակելիս ՌԴ նախագահը և Գերմանիայի կանցլերը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության աճի կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որոնք վերջին ժամանակներս նպատակաուղղված կերպով սրում են իրավիճակը շփման գծում։ Ընդգծվել է Կիևի իշխանությունների կողմից ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խստորեն կատարելու անհրաժեշտությունը, առաջին հերթին Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու և Դոնբասի հատուկ կարգավիճակին օրինական ձևակերպում տալու հարցով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը հավելում է, որ հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արվել և հորդորվել է ակտիվացնել բանակցային գործընթացը 2015 թվականի Մինսկի «Միջոցառումների համալիրի»՝ որպես կարգավորման անվիճելի հիմքի լիակատար իրականացման նպատակով։

Պուտինը և Մերկելը քննարկել են միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր։