Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական հիմնական ձախողումներից մեկն այն էր, որ առանցքային պաշտոններում էին հայտնվում մարդիկ, ովքեր նախկինում հակռուսական գործունեություն են ծավալել։ Այդ նշանակումները խորացրեցին անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ռուսաստանի իշխանությունները սկսեցին չաջակցել Հայաստանի իշխանություններին։ Սա ահռելի խնդիր էր, երբ խոսքը ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մասին էր։ Պատերազմի օրերը հատկապես ակնառու դարձրեցին հայ-ռուսական հարաբերությունների լարված լինելը և դրա հետևանքները։
Հետաքրքիր է, որ պատերազմից հետո էլ իշխանությունները կարծես անհոգ են հայ-ռուսական հարաբերությունների խնդիրների մասով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարար է ցանկանում դառնալ Անդրանիկ Քոչարյանը, մարդ, ով հակառուսականության հիմնական դրոշակակիրներից էր։ Իշխանական այս պատգամավորը երկար տարիներ շահարկել է «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունը։
Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։
Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»։
Նախորդ տարի, ըստ «Վեստի» լրատվականի, Անդրանիկ Քոչարյանը «հոկտեմբերի 27»-ի պատվիրատու էր անվանել Վլադիմիր Պուտինին։ Պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում հարց էր հնչել նաև, թե արդյո՞ք իշխանություններն անդրադառնալուեն 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությանն ու արդո՞ք փորձելու են բացահայտել, թե ովքեր էին կազմակերպիչները: Անդրանիկ Քոչարյանն, ըստ մեզ հասած տեղեկությունների, սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ մեծ հաշվով Վազգեն Սարգսյանի ու մյուների սպանության կազմակերպիչների մասով «ամեն ինչ պարզ է»: Ըստ Ա. Քոչարյանի՝ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է գիտակցի, որ նման առանցքային պաշտոնում հակառուս Անդրանիկ Քոչարյանի հայտնվելը կարող է լուրջ հարված լինել Հայաստանի շահերին։