Պուտինին հաղթանակ է պետք

Ռուսաստանի գործող վարչակարգին եւ անձամբ Պուտինին իր իշխանությունը ամրապնդելու համար հարկավոր են ոչ միայն ներքաղաքական եւ տնտեսական հաղթանակներ, այլ նաեւ արտաքին քաղաքական ոլորտում նկատելի հաղթանակներ։

Հարցը հատկապես արդիական է այս տարի, որը Ռուսաստանում նախընտրական է, քանի որ այս աշնանը Ռուսաստանում Դումայի ընտրություններ են, իսկ Պուտինի քաղաքական հենարանն համարվող «Եդինայա Ռոսիայի» դիրքերը այնքան էլ ամուր չեն, որքան կարող է թվալ, թեեւ հաշվի առնելով Ռուսաստանի առանձնահատկությունները,  քաղաքական համակարգի ամբողջական կախվածությունը Կրեմլից, դժվար թե լինի այնպես, որ ընտրություններում օրինակ անկանխատեսելի արդյունքներ լինեն։

Ամեն դեպքում, Պուտինի համար սեփական իշխանությունը ամրացնելու համար հարկավոր են տնտեսական եւ ներքին հաղթանակներ, որով ժողովրդի բարեկեցության մակարդակը կբարձրանա եւ հասարակ ռուս մարդու դժգոհությունները կնվազեն, ինչպես նաեւ արտաքին քաղաքական ոլորտում հաղթանակներ, որը հնարավոր կլինի մատուցել ռուսական կայսերապետական «սոուսով» եւ դարձնել քաղաքական կապիտալ։ Այս համատեքստում հատկապես կարեւոր է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողանա պայմանավորվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ով պրոբլեմատիկ անձնավորություն էր, ու խնդիր նաեւ ԱՄՆ համար, քանի որ դժվար է պատկերացնել, թե ում հետ չի հասցրել հարաբերություններ փչացնել, Ջո Բայդենը եւ փորձառու քաղաքական գործիչ է եւ լավ հաղորդակցվող եւ դիվանագետ, ով կարողանում է ճիշտ ուղերձներ հղել եւ Պուտինն այս առումով բավական անելիք ունի։

Պետք է արձանագրել, որ արտաքին քաղաքական հաջողություն ասելով, հասկանալ պետք է դիվանագիտական հաջողությունը։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելով եւ Ռուսաստանին այն միացնելով կամ Բելառուսը նվաճելով, հաստատ Պուտինը չի ամրացնի իր իշխանությունը, որովհետեւ դա չի կարելի համարել հաղթանակ։ Սակայն օրինակ Բայդենի հետ փոխզիջումային պայմանավորվածության գալը կարող է համարվել դիվանագիտական կարեւոր հաղթանակ, հատկապես, որ արդեն ամերիկյան միջավայրում կա տրամադրություն, որ ԱՄՆ կողմից այլ երկրների հանդեպ սահմանված սանկցիաները սկսել են հարվածել դոլարին, քանի որ սանկցիաների տակ գտնվող երկրները ամեն կերպ նվազեցնում են իրենց կախվածությունը դոլարից։

Ի դեպ, ռուսական մամուլում հակաամերիկյան հիստերիայի դոզան կտրուկ նվազել է եւ կարող ենք ասել, որ ինչ որ բան այս առումով «եփվում» է եւ հնարավոր է լինի Պուտին-Բայդեն հանդիպում առաջիկայում։