Ինչպես արդեն հայտնի դարձավ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեկվա արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հայտով՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը քննարկելու համար, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմների հարցը։
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարարը արդեն հայտարարել էր, որ ամենամոտ ապագայում հնարավոր է, որ Երեւանն ու Բաքուն կարողանան Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցնել կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմները։
Երեկ օրվա այսպես ասած «թոփ լուրը»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունն էր հանդիպել Մոսկվայում՝ Ղարաբաղյան հարցով բանակցություններ վարելու համար։ Ավելի ուշ արդեն՝ Ամերիկյան «Պոլիտիկո»-ն հայտնեց, որ ամենայն հավանականությամբ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կկանչվեն ԱՄՆ-ն, որտեղ նրանց հետ հոկտեմբերի քսաներեքին առանձնաբար հանդիպում կունենա ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Մինչ այդ, մարտական գործողությունները, ըստ Արցախի նախագահի խոսնակի, շարունակվում են Իշխանաձորում, ինչը այնքան էլ լավ նորություն չէ, եթե չափազանց մեղմ գույներով ներկայացնենք։ Վերլուծելով այս ամբողջն ու սրա հետ կապված հարակից ինֆոհոսքերը կարող են արձանագրել, որ ներկայումս արդեն ՄԱԿ ԱԽ-ն է որոշել խառնվել Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման համար վերահսկման կամ մոնիթորինգի մեխանիզմների ներդրմանը, ինչը նշանակում է, որ խնդիրը չափազանց լուրջ բնույթ է ստացել, հատկապես երկու ձախողված փորձերը կրակի դադարեցման հաշվի առնելիս։ Այն կարող է իրականացվել օրինակ ԵԱՀԿ միջոցով, դիտորդների ներգրավմամբ։
Սա այսպես ասենք առաջնային անհրաժեշտության քայլ է, որպեսզի «թնդանոթները լռեն» եւ հնարավորություն տան դիվանագետներին խոսելու։ «Պոլիտիկոյի» լուրից կարելի է հասկանալ, որ Միացյալ Նահանգները որոշել է որոշակիորեն ակտիվացնել իր գործողությունները Հարավային Կովկասում։ Սա իհարկե լավ է, եթե զուտ նախընտրական «PR-ակցիայի» չվերածվի։ Բանն այն է, որ ներկայումս ամերիկահայ համայնքը նույնիսկ «ստիպեց» նախագահ Թրամփին նկատել Ղարաբաղյան խնդիրը եւ հիմա, ընտրություններից հաշված օրեր առաջ, գոնե նման ակցիայով չարձագանքելը կարող է արժենալ քվեի կորուստ Թրամփի թիմի համար։ Ամերիկյան ակտիվացումը իր կողմից կառաջացնի Ռուսաստանի շտապողականությունը։ Ինչպես ասում են, կրկին կսկսվի մրցավազքը՝ «Կովկասյան խաղաղարարի» կոչման համար։ Եթե իրոք ամսի քսաներեքին Պոմպեոն հանդիպելու է Մնացականյանի եւ Բայրամովի հետ, ապա հնարավոր է, որ երեկվանից շրջանառվող խոսակցությունները Պուտին-Փաշինյան-Ալիեւ հնարավոր բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ ամսի քսաներեքը, որպեսզի ինչ որ արդյունք արդեն Մոսկվան արձանագրած լինի, ինչով նաեւ կապահովագրի իրեն այն մասով, որ Վաշինգտոնը իրենից առաջ չի անցնի։