Փողից հոտ չի գալիս, կամ ինչու է Փաշինյանը դեկ...

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այս տարվա դեկտեմբերին մեկնել ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ, մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վերջինս ասել է, որ Մոսկվան հստակ ազդակներ է ստացել այդ առնչությամբ Երեւանից։ Նշենք, որ ԵԱՏՄ նախագահությունը այդ հանդիպման ժամանակ անցնելու է Ռուսաստանից Հայաստանին եւ ինչպես նշում են փորձագետները պատկերավոր ձեւով՝ այդ օրը Փաշինյանը նախագահության էստաֆետան ընդունելու է Պուտինից։ Սա իհարկե բավական հետաքրքրիր նորություն էր, եթե հաշվի ենք առնում, որ վերջին շրջանում Երեւանն ամեն կերպ անտեսել է հետսովետական տարածքում գործող ինտեգրացիոն միավորների հանդիպումներն ու գագաթնաժողովները։

Փաշինյանն, ըստ տիրապետող կարծիքի, իհարկե սիրով կհրաժարվեր նաեւ այս գագաթնաժողովին մասնակցելուց եւ կնախընտրեր որեւէ Արեւմտյան հարթակում ներկայություն ապահովել, սակայն տնտեսական միավորումները Երեւանի համար չափազանց կարեւոր են, քանի որ դրանցից ակնհայտ են օգուտները, իսկ հետպատերազմական շոկից ուշքի գալ փորձող հայկական տնտեսության համար փողը խիստ կարեւոր է։ Վերլուծաբանների ուշադրությունը գրավել է այն, որ որքան քաղաքական առումով Երեւանն հեռանում է Մոսկվայից, այնքան ավելի հարաբերությունները Երեւանի եւ Մոսկվայի միջեւ սերտանում են առեւտրային եւ ֆինանսական ոլորտներում։ Միայն պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ավելացել է 1,5 անգամ, իսկ ԵԱՏՄ շրջանակներում՝ մոտ 2 անգամ։ Սա թերեւս նշանակում է այն, որ Փաշինյանն օրինակ հետեւում է հետեւյալ սկզբունքին՝ «փողերը չեն բուրում»։

Եւ նրա համար էական չէ, թե որտեղից կստանա փողերը՝ ԵԱՏՄ-ից, թե Արեւմուտքից, կարեւորը փող լինի։ Սա թերեւս հասկանում են նաեւ Մոսկվայում, եւ թեեւ մի կողմից չեն ավելի սրում առանց այն էլ ոչ այնքան նորմալ հարաբերությունները Երեւանի հետ, որպեսզի իրենք չլինեն անդարձելիության կետն հատելու պատճառը՝ երկկողմ հարաբերությունների վերջնական «փչացման», սակայն նաեւ ըստ ամենայնի որոշակի անվստահություն եւ զգուշավորություն կսկսեն պահպանել, որպեսզի հետո անակնկալ էքսցեսների առաջ չկանգնեն։ Այստեղ, սակայն կա մի «բայց»։

Ռուսաստանը, զբաղված լինելով Ուկրաինական ճակատով, գուցե շատ հանգամանքներ հաշվի առնելով Երեւանի այս պահվածքի վրա շատ չծանրանա, սակայն վստահաբար, այն բանից հետո, երբ ճակատում հօգուտ ռուսների վերջնակաբ բեկումը լինի /իսկ դրա նախադրյալները լիովին կան, եւ ավելին՝ բեկման գործընթաց է կարծես թե գնում ռուս-ուկրաինական ճակատում, հօգուտ ռուսների/ անպայման այս բոլոր՝ այսպես ասած՝ «անադեկտվատ չարաճճիությունների» համար Հայաստանի ղեկավարին կկանչեն հարցուպատասխանի։