Պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ....

Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր տեղի ունեցած բռնությունների դեպքերի մասին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։

Նա նաև ասաց. «Բռնություն է կիրառում կիրանցիների նկատմամբ, ովքեր իրենց տան, հայրենիքի համար են կռիվ տալիս։

Մարդկանց ձեռքին կա սեփականության իրավունքի վկայականներ, որ իրենց սեփականությունը գտնվում է Հայաստանի տարածքում, բայց հիմա հայտնի սահմանազատման գործընթացի տակ, որն, իմ գնահատմամբ, միակողմանի զիջումներ են, այդ բնակարանների մի մասը մնալու են Ադրբեջանի  հսկողության տակ։ Ինչքանո՞վ կարող են արձանագրել, որ մարդկանց սեփականության իրավունքն է խախտվում»։

Նախքան Անահիտ Մանասյանի պատասխանը, արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Տիկին Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի գործադրվում։ Ինչ վերաբերում է  Կիրանց բնակավայրի տների ճակատագրին, այնտեղ դեռ տեղի չի ունեցել սահմանազատման գործընթաց, այդ տների վերաբերյալ դեռ որևէ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել»։

Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Ա. Մանասյանն ասաց. «Բնականաբար, պահանջել ենք պարզաբանումներ իրավասու մարմիններից։ Իհարկե, բանավոր կարգով որոշակի պարզաբանումներ տրամադրել են, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների։

Սեփականության իրավունքի հետ կապված ասեմ, արձանագրեմ, նաև հաղորդակցել եմ պետական մարմններին. անձինք, եթե նույնիսկ չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միևնույնն է՝ պետությունն ունի այս դեպքում կոնկրետ պարտավորություններ։

Անկախ նրանից, թե ով է իրականացնում իշխանությունը, պետությունն է թույլատրել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա, բնականաբար պետությունն էլ պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում փոխհատուցման, տարբեր ձևաչափերի միջոցով»։